Պուտինի և Փաշինյանի առաջին զրույցը․ ինչի՞ մասին են խոսել երկու երկրների առաջնորդները

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյան՝ առանց կառավարության վարչապետը․ ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն հետո

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները նաև փոխանակվել են շնորհավորանքներով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության առիթով։

«Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագայում ամրապնդել ավանդական բարեկամական, դաշնակցային հայ-ռուսական հարաբերությունները։ Ընդգծվել է բազմակողմանի և ինտեգրացիոն միավորումներում գործընկերային փոխգործակցության պատրաստակամությունը՝ ամենից առաջ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակում», — ասվում է հաղորդագրությունում։

Հեռախոսարույցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ հեռախոսազրույցի ընթացքում իրենք շնորհավորանքներ են փոխանակել և քննարկել մի շարք ընթացիկ հարցեր։

«Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում: Ես ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնեցի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի վարչապետ։ ՌԴ նախագահն առաջինն է շնորհավորել Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։