Չարդախլուն ու Թամանյան դիվիզիան. Ռայխստագի քոչարին՝ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ

Հայաստանի բնակչությունը Հայրենական մեծ պատերազմի սկզբին 1.5 մլն էր` մանուկների, երեխաների և տարեցների հետ միասին։ Պատերազմին ողջ Խորհրդային Միությունից և սփյուռքից մոտ 600 հազար հայ մասնակցեց։
Sputnik

Բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանվել` միայն հայկական Չարդախլու գյուղից ռազմաճակատ էր մեկնել 1250 մարդ. նրանցից երկուսը մարշալներ դարձան, չորսը` Խորհրդային Միության հերոս, իսկ 452-ը այդպես էլ չվերադարձան։ Ահա այսպիսի «ոչ մարտական գյուղ», ինչպես այն անվանում էր Չարդախլուում ծնված մարշալ Բաբաջանյանը։

Պատերազմի սկզբին, ընդհանուր առմամբ, յոթ հայկական ազգային դիվիզիա էր ձևավորվել։ Ճիշտ է, դրանցից մեկը` 261-րդը, այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, սակայն պատերազմական տարիներին հերթապահություն էր իրականացնում թուրքական սահմանին` իսկ այնտեղ ցանկացած պահի կարող էր ամեն ինչ բռնկվել։ Համենայնդեպս, մինչև Ստալինգրադի ճակատամարտի ավարտը։

Ոտքով դեպի Մոսկվա ու Արցախ. Գրիշա Տեպոյանը հորը չի տեսել, բայց հիշում է

390-րդ հրաձգային դիվիզիան ձևավորվեց 1941 թվականին, այն մասնակցում էր Կերչ-Թեոդոսիա գործողություններին՝ Կերչի ազատագրման համար արյունալի մարտերին։ Որպես օրինակ նշենք, որ միայն 390-րդ միավորումը հետ մղեց գերմանական տանկային դիվիզիաների 22 հարձակում։ Խորհրդային զորքերը ստիպված էին ժամանակավորապես հանձնել Կերչը, իսկ հայկական դիվիզիայի անձնակազմը գրեթե ամբողջությամբ մնաց մարտի դաշտում։ Կերչից հետո դիվիզիան կազմացրիվ արեցին` քիչ էին ողջ մնացածները և նրանք, ովքեր կարող էին շարունակել կռիվը, միացան Սևաստոպոլը պաշտպանողներին։

Ամենահայտնի և փառավոր վիճակված էր դառնալ 89-րդ հրաձգային դիվիզիային։ Այդ դիվիզիայի կազմավորումը սկսեց Երևանում 1941 թվականի դեկտեմբերի կեսերին և ավարտվեց մինչև նոր տարի, իսկ 1942 թվականի օգոստոսի 10-ից դիվիզիան արդեն մասնակցում էր Կովկասի համար մղվող մարտերին։

Որոշ ժամանակ անց այդ դիվիզիան մասնակցեց Թաման թերակղզու ազատագրման պայքարին, որից հետո էլ այն սկսեցին անվանել Թամանյանական։ Դիվիզիայի հրամանատարներն էին Սիմոն Զաքյանը, Անդրանիկ Սարգսյանը, Արտաշես Վասիլյանն ու Նվեր Սաֆարյանը` հերթականությամբ։ ԽՍՀՄ հերոս դարձան 9 զինվոր և սպաներ, նրա մարտիկներից ավելի քան 17 հազարը շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին։ Թամանյան դիվիզիան շուրջ 1000 գյուղ ու քաղաք ազատագրեց։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Թամանն ազատագրում են 1943 թվականի հոկտեմբերին։ Դիվիզիայի գնդերից մեկը՝ Սյունիքի Խնձորեսկ գյուղում ծնված փոխգնդապետ Կարապետյանի հրամանատարությամբ, հաջողությամբ ճեղքեց գերմանական պաշտպանության գծերը թերակղզու Դոլգայա լեռան մոտ։ Միայն այդ օրերի ընթացքում ԽՍՀՄ Հերոս դարձավ երեք հոգի` Հունան Ավետիսյանը, Սուրեն Առաքելյանն ու Ջահան Կարախանյանը։

1945 թվականին 89-րդ դիվիզիան արդեն պաշտոնապես «Եռակի շքանշանակիր հայկական Թամանյան» դիվիզիա սկսեցին անվանել։ Այն միակն էր ազգային միավորումներից, որը մասնակցեց Բեռլինի գրոհին։ Դիվիզիան հատուկ կարևորության առաջադրանք էր ստացել` կոտրել Հումբոլդտ-Հայն կենտրոնական Բեռլինի շրջանում հաստատված ուժեղացված գերմանական կայազորի դիմադրությունը։ Կայազորը ջախջախվեց, իսկ դիվիզիան պարգևատրվեց 2-րդ աստիճանի Կուտուզովի շքանշանով։

Թամանյան դիվիզիայի բոլոր հրամանատարները փառքի արժանացան Հայրենական մեծ պատերազմի մարտերում։ Բեռլին դիվիզիան հասավ անվախ զինվոր և հիանալի զորահրամանատար գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարության ներքո։ Այնտեղ` Բեռլինում էլ, այն ավարտեց մոտ երեք սարսափելի տարիներ տևած իր ուղին։

Բեռլինի այդ հաղթական օրվանից կադրեր են պահպանվել, որոնք արվել են հապճեպ։ Հիշո՞ւմ եք հայտնի կադրերը, երբ զինվորները հայկական «Քոչարի» են պարում Ռեյխսթագի պատերի տակ։ Դա Թամանյան դիվիզիայի զինվորներն էին, որոնց մեջ էր նաև գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։

Դեռ 1944 թվականին Բալակլավայում 89-րդ հրաձգային դիվիզիայի 250 զինվորների եղբայրական գերեզմանին կոթող էր տեղադրվել։ 1961 թվականին Հայկական ԽՍՀ կառավարությունը նախաձեռնեց օբելիսկի փոխարեն ստելա տեղադրել, նախագիծը հանձնարարվեց իրականացնել հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին։ «Հավերժ փառք Թամանյան հրաձգային 89-րդ Կարմիր դրոշի շքանշանակիր հայկական դիվիզիայի հերոս զինվորներին, որոնք ընկան խորհրդային ժողովրդի ազատության, Սևաստոպոլի ազատագրման համար մղած մարտերում», — հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է 10 մետրանոց հուշակոթողի վրա։