ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելը Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափում։ Այսօր Արցախում, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ վարչապետը։
Նա նաև հիշեցրեց, որ ՄԽ 1992թ-ի մանդատով Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության լիիրավ կողմ։
«Հետևաբար, ես համարում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատով` լիարժեքության պայմաններում, որովհետև կարծում եմ, որ Ղարաբաղի բացակայությունը բանակցային սեղանից այն չէ, ինչ նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ մանդատով»,- ասաց Փաշինյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։
«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասաց նա։
Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը հավատարիմ է մնում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջին, քանի որ այն ոչ թե հայ-թուրքական, այլ ցեղասպանությունների ճանաչման միջազգային սկզբունքի կարգավորման առարկա է։
Հայ-թուրքական արձանագրությունները Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Դրանցով նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց որպես նախապայման առաջ քաշել Ադրբեջանի հետ հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորման նախապայմանները, 2018 թվականի մարտի 1-ին հայկական կողմը չեղյալ հայտարարեց դրանք։