Փաշինյանն առաջին նիստը կվարի. օրակարգում նաև ԵԱՏՄ պայմանագիրը փոփոխելու հարցն է

Նոր կառավարության առաջին նիստի օրը հայտնի է։ Ներկայացված նախագծերի թվում նաև ԵԱՏՄ պայմանագրում առաջարկվող փոփոխություններն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարության առաջին նիստը կգումարվի առաջիկա հինգշաբթի` մայիսի 10-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպեցին նախագահի նստավայրում

Հրապարակված օրակարգի համաձայն` կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում։

Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ նոր կառավարման համակարգի անցումով։ Բանն այն է, որ ԵԱՏՄ պայմանագրի համաձայն` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները։ Եթե կառավարման նախկին համակարգով Հայաստանի ղեկավարը նախագահն էր, ապա 2015թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ` վարչապետը։

Պայմանագրում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նախագահին վերաբերող դրույթը փոխարինել վարչապետով։

ԵՄ–ն ՀՀ նոր վարչապետի հետ համագործակցելու հույս ունի

Այսինքն` փոփոխության ընդունումից ու ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպումներում Հայաստանը կներկայացնի արդեն նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն առաջարկում է ստեղծել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ։

Նախագիծը մշակվել է ներկա ռազմաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով, սեփական զինված ուժերի կարիքները բավարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն ունենալու նպատակով։

Կազմակերպության ստեղծման նախագիծը մշակել ու ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այն գործելու է նախարարության ֆինանսավորմամբ։