ՀՀ կառավարության նախկին ղեկավարը շնորհավորել է նորընտիր վարչապետին

Փաշինյանի քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը և հանրային վստահության բարձր մակարդակը կծառայի Հայաստանի տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանն ու ամրապնդմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վարչապետին զեկուցել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակության վստահության բարձր մակարդակն ու աջակցությունը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանն ու ամրապնդմանը։

Սարգսյանի խոսքով` Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կարևոր և ակտիվ անդամ է, որի զարգացումից է կախված նաև ողջ ԵԱՏՄ-ի հաջողակ և մրցունակ լինելը։

«Համոզված եմ` այն լուման, որը ներդնում է Հայաստանը մեր Միության զարգացման և ամրապնդման մեջ, միայն աճելու է։ Առիթից օգտվելով, հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ շնորհավորել Ձեզ Հաղթանակի օրվա կապակցությամբ` տոն, որը համախմբում է մեր ինտեգրացիոն միավորման բոլոր ժողովուրդներին ու պետությունները», — նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր 59 կողմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրվեց։ Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն արդեն նրան նշանակել է կառավարության ղեկավարի պաշտոնում։