ՇՊՀ-ի ղեկավարությունը հեռացված դասախոսներին առաջարկում է դժգոհությունը վիճարկել դատարանում

Մայիսի 7-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մայր բուհի ուսանողներն ու որոշ դասախոսներ՝ պահանջելով բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը 164 աշխատակիցների ստորագրությամբ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Նամակը հրապարակվել է բուհի ֆեյսբուքյան էջում:

Նամակում նշվում է, որ վերջին շրջանում ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները բուհի համար դարձել են իրական չարիք՝ խաթարելով ուսումնական բնականոն գործընթացը, վարկաբեկելով բուհի հեղինակությունը: Մինչդեռ 2016 թվականի հուլիսից բուհում տեղի են ունեցել տեխնիկական վերազինումներ և այլ բարեփոխումներ:

«Չնայած այդ ամենին՝ ամբողջ համացանցը հեղեղված է անձնական վիրավորանքներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, գիտական խորհրդի անդամներին՝ մարդկանց, ովքեր ունեն մեծ վաստակ ու ներդրում գիտության տարբեր բնագավառներում»,- նշված է հրապարակված նամակում:

Շիրակի պետական համալսարանում ուսանողները պահանջում են վերադարձնել հեռացված դասախոսներին

Փաստաթղթի տակ ստորագրածներն առաջարկում են բուհական աշխատանքից ազատված երկու դասախոսներին, ինչպես նաև Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման գծով պրոռեկտորի պաշտոնից ազատված Ա. Ֆարմանյանին, որը շարունակում է աշխատել որպես Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, իրենց դժգոհությունը վիճարկել դատարանում, ոչ թե ուսանողներին արհեստականորեն ներգրավել անձնական շահերին միտված գործողությունների մեջ:

«Ավելորդ է շրջանցել կամ արհամարհել օրենքով սահմանված կարգը՝ դիմելով ինքնիրավչության, և խաթարել համալսարանի բնականոն աշխատանքը այն պարագայում, երբ վերջին 2 տարիների ընթացքում բուհում ավելի քան 10 ստուգում է իրականացվել:

Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մայր բուհի ուսանողներն ու որոշ դասախոսներ՝ պահանջելով բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

Գյումրու Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի բողոքներին ու մեղադրանքներին միացել է նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որը ևս մեղադրում է բուհի ռեկտորին բուհը «քանդելու ու ծնկի բերելու» մեջ: