Տոնական պարգևատրումներ Արցախում

Բակո Սահակյանի խոսքով` զոհված տղաների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը մեր անկախ պետականության շարունակական ամրապնդումն է, պաշտպանական համակարգի հետևողական զորացումը, հայրենի երկրի շենացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։

Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախին մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են պետական բարձր պարգևների, ԱՀ ոստիկանության մեկ աշխատակցի շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Իր ելույթում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մայիսյան եռատոնը միավորում է մեր ժողովրդի տարբեր սերունդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած մեր հայրերին ու պապերին և նրանց հերոսական օրինակով դաստիարակված ու Արցախյան ազատամարտում նոր հաղթանակներ կերտած քաջ հայորդիներին:

«Մեր հաղթանակների ճանապարհը հեշտ չէր, և, ցավոք, մենք ունեցանք անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս անմահացան հազարավոր նվիրյալներ:  Սերունդների պարտքն է միշտ վառ պահել նրանց պայծառ հիշատակը, իսկ դրա լավագույն միջոցը մեր անկախ պետականության շարունակական ամրապնդումն է, պաշտպանական համակարգի հետևողական զորացումը, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացումը»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: