ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ և ելույթ ունեցավ լեփ լեցուն լսարանի առաջ: Երգիչը նախ ներողություն խնդրեց, որ ուշացել է և անձամբ, ֆիզիկապես չի մասնակցել ընդդիմադիր շարժմանը, երթերին, թեև նա հավաստիացրեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հոգով Հայաստանում է եղել:
«Շնորհակալություն, որ կարողացաք ձեր խաղաղ ցույցերով ստեղծել հայ ազգին արժանի հայրենիք: Հիմա ամբողջ աշխարհն է ձեզ նայում որպես դրական օրինակ, երգով, պարով ժպիտով հասաք ձեր նպատակին: Եվ եթե մինչև վերջերս աշխարհը մեզ ճանաչում էր Ցեղասպանությամբ, երկրաշարժով և պատերազմով, այժմ այս շաժումով դուք բարձրացրեցիք ողջ հայ ժողովրդի վարկանիշը»,- հրապարակի բեմահարթակից ասաց Սերժ Թանկյանը:
Երգիչը հավաստիացրեց, որ եկել է Հայաստան ժողովրդին հետևելու և աջակցելու հայության երազանքի հայրենիքը ստեղծելու հարցում:
Բայցև նա զգուշացրեց, որ գործը, պայքարը նոր է սկսելու, քանի որ արդարության միայն մեկ կամ մի քանի հաղթանակով չեն հասնում, այդ հաղթանակները պետք է շարունակական լինեն:
«Գործը նոր է սկսելու, պետք է շարունակեք մեր պայքարը այս գործով, բարեփոխումներով ու ներդրումներով, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում»:
Ելույթից հետո Թանկյանը կատարեց «Բարի արագիլ» երգը, իսկ Հանրապետության հրապարակում հավաքվածները ձայնակցեցին նրան:
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամեր առաջ է ժամանել Երևան, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու այնտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ: