«Մխիթարյանն ունի այն ամենը, ինչ չունի Օզիլը»․ բրիտանական մամուլի վերլուծությունը

Կիսապաշտպաններ Օզիլի ու Մխիթարյանի խաղի վերլուծության արդյունքում հեղինակները հանգել են այն կարծիքին, որ Օզիլը բավականին զիջում է Մխիթարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. «Ատլետիկոյի» դեմ խաղում «Արսենալը» որոշեց փլեյմեյքերի պարտականությունները տալ Մեսութ Օիզլին, ինչը թակարդ դարձավ թիմի համար։ Այս մասին գրում է Paininthearsenal.com պարբերականը։ Հոդվածի հեղինակ Ջոշ Սիփին միանշանակ եզրակացնում է՝ Մխիթարյանը դա ավելի լավ կաներ։

Սիփին գրում է, որ Մխիթարյանը խաղի ընթացքում արեց հենց այն, ինչ պետք է աներ ու ինչ հասցրեց ամբողջ խաղի ընթացքում 14 հպումների ժամանակ։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի ավագն ու «զինագործների» կիսապաշտպանը որպես փոխարինող դաշտ է դուրս եկել խաղի 68-րդ րոպեին։

«Հենց Մխիթարյանը դաշտ դուրս եկավ, նա էներգիա տվեց։ Նա վտանգ ստեղծեց, անմիջական վտանգ, որն Օզիլը չէր ապահովում», — նշում է հեղինակը։

Թեև Սիփին ընդգծում է, որ Մեսութ Օզիլն այդպիսին է, ու բոլորը վաղուց սովոր են դրան։ Հեղինակի գնահատմամբ՝ Մեսութը մակընթացության և տեղատվության խաղացող է․ երբեմն նա կարող է թաքնվել ու լավ պահի սպասել՝ ամեն ինչ հաշվարկելու ու իր ներդրումն ունենալու համար։

Սակայն Սիփին գրում է, որ «Ատլետիկոյի» հետ խաղում այդպիսի պահ չկար։

Հենրիխ Մխիթարյանի թիմը դուրս մնաց Եվրոպայի լիգայից

«Մխիթարյանն այդպիսին չէ, ու մենք դա տեսնում ենք։ Երբեմն նա հապճեպորեն է խաղում, ու դա իր խնդիրն է, սակայն երբ քեզ պետք է մի մարդ, որը արագ որոշումներ կկայացնի, նրանից լավը չկա։ Դա Օզիլը չէ», — նշված է հոդվածում։

Լոնդոնյան «Արսենալը» երկու խաղերի արդյունքում զիջեց «Ատլետիկոյին» ու դուրս մնաց Եվրոպայի լիգայից։

Հավելենք, որ հոդվածը հրապարակած պարբերականի անվանումը՝ Paininthearsenal-ը, թարգմանվում է որպես «Ցավը Արսենալում»։ Դա ըստ էության ակումբի երկրպագուների միավորում է, որոնք սակայն իրենց հրապարակումներում բավականին հեգնական տոնով են ներկայացնում սիրելի թիմի խաղն ու երբեմն ծաղրում են նրանց։