Նոր իշխանություն․ Հայաստանը Իրանի ու Թուրքիայի հետ «թավշյա» հարաբերություններ կհաստատի՞

Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունները Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերից են լինելու։ Փորձագետները մտորում են՝ այդ հարաբերությունները կփոխվեն, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik․ Հայաստանում դեռ պաշտոնապես իշխանափոխություն չի եղել, սակայն բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգը հասարակության ուշադրության կենտրոնում է։

Ինքը՝ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ «թավշյա հեղափոխությունն» աշխարհաքաղաքական համատեքստ չունի, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինի։ Թե որքանով է դա հնարավոր Թուրքիայի ու Իրանի դեպքում, Sputnik Արմենիան պարզել է փորձագետների հետ։

Նիկոլ Փաշինյանը խոսել է մայիսի 8-ի անելիքների մասին

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է, որ Փաշինյանը դեռ չի խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սակայն դատելով նրանից, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը իր ընտրվելուց հետո, պարզ է, որ նա մտադիր չէ կտրուկ փոփոխություններ անել։

«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում որևէ կոնկրետ կամ զգալի փոփոխություններ կլինեն։ Պետք է սպասել կառավարության ծրագրին, այդ հարցը նրա ծրագրի առանցքային դրույթներից կլինի», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցն այդպիսին է՝ անկան կառավարությունից։

Հայ-թուրքական հարաբերությունները կապված են Արցախի հետ, այդ հարցում, նրա խոսքով, Փաշինյանը բարձրացրել է հայկական կողմի դիրքորոշման նշաձողը։

«Ի տարբերություն ներկայիս իշխանությունների՝ նա ասաց, որ իմաստ չունի խոսել որևէ փոխզիջումների մասին, եթե հակառակ կողմը նույն մտադրությունը չունի։ Ու եթե Ադրբեջանի առաջնորդը հայտնում է, որ Երևանն իրենցն է, ապա բանակցություններ վարելու մթնոլորտ չի կարող լինել», — նշեց Հակոբյանը։

Այսպիսով՝ հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած կողմ պետք չէ փոփոխություներ ակնկալի։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ վաղաժամ է դեռ վարչապետի պաշտոնը չզբաղեցրած մարդու հետ կապված կանխատեսումներ անել ։

Սակայն ելնելով Ազգային ժողովում հարց ու պատասխանից՝ նրա համար պարզ է, որ Փաշինյանը չի պատրաստվում որևէ կտրուկ շրջադարձ կամ աշխարհաքաղաքական քայլ անել։

«Նա, օրինակ, չի հիշատակել հայ-թուրքական արձանագրությունն անվավեր ճանաչելու Սերժ Սարգսյանի որոշումը չեղարկելու մասին», — ասաց Շաքարյանցը։

Ելնելով այդ պատասխաններից՝ դեռ վաղաժամ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին։

Իսկ հիմնվել մամուլում նրա ավելի վաղ արված հրապարակումների վրա, օրինակ՝ 2001 թվականի, քաղաքագետի խոսքով նույնպես չարժե, քանի որ խելամիտ մարդը դժվար թե իր նախկին համակրանքներն ու հակակրանքները տածի նաև 2018 թվականին։

Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը կնպաստի՞ Հայաստանի զարգացմանը

Ինչ վերաբերում է Թեհրանի հետ հարաբերություններին, ապա իրանագետ Արտյոմ Տոնոյանը համոզված է, որ դրանք նույնպես չեն փոխվի։

«Անկախ այն բանից, թե ով կլինի Հայաստանի վարչապետ, երկրի արատքին քաղաքականությունը հարևանների, ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ չի փոխվի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է հենց ինքը՝ Փաշինյանը»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ու Իրանը միմյանց կապում են պատմական բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները, և ապագայում դրանք կպահպանվեն։

Ինչ վերաբերում է ապագա առաջնահերթություններին, ապա նոր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ դրա համար մեծ ներուժ կա։

Նրա կարծիքով պետք չէ մոռանալ այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, քանի որ ապագայում դա կարող է նպաստել երկրների միջև առևտրային ու տնտեսական կապերի ամրապնդմանը։