ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ի պատասխան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարությանը, թե «ՀՖՖ որոշումն ապօրինի է և որ փաստ չկա, թե «Շիրակը ներգրավված է եղել կոռուպցիոն որևէ գործընթացում», ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը հայտարարությամբ է հանդես եկել:
Նա տեղի ունեցածն աննախադեպ է համարել հայկական ֆուտբոլի համար՝ նշելով, որ երևույթը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:
«Շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարևորությունը և թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր և ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները, այդ թվում տեսա և աուդիո ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ»,- նշված է հայտարարության մեջ:
Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդմաներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն «Շիրակ» ֆոիտբոլային ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարությունյանին, որը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես «Շիրակ» ՖԱ-ի մարզական տնօրեն, մեղադրում է մայիսի 5-ին կայանալիք «Բանանց» — «Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով «Բանանցի» ֆուտբոլիստին հանդիպելու և «Շիրակի» օգտին սխալվելու մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ, որպեսզի այդկերպ «Շիրակը» խաղը հաղթի: Փոխարենը տվել է որոշակի կանխավճար՝ խոստանալով վերջնավճարը տալ արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:
«ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ի նիստում կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ և ՈւԵՖԱ կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջների տառին և ոգուն համապատասխան որոշում»,- նշված է հայտարարությունում:
Ռուբեն Սինոյանը կոչ է անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական և իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում:
Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նա նշում է, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության՝ որպես վերջնական բողոքարկման ատյան հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում: