ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ վերահսկիչ պալատը «Դիլիջան» ազգային պարկում չարաշահումների նոր դեպքեր է հայտնեբերել, որոնք դարձյալ վերաբերում են նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի պաշտոնավարման տարիներին, որն այսօր դսատարանում պատասխան է տալիս իր կառավարման տարիներին բացահայտված այլ հանցանքների համար:
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության համաձայն` 2012-17թթ. «Դիլիջան» ԱՊ-ն կառավարման պլան չի ունեցել և աշխատել է առանց դրա: Մինչդեռ բնության հատուկ պահպանվող տարածքների համար այս փաստաթուղթն անհրաժեշտ է հատուկ պահպանվող տարածքների սահմանները հաստատելու, դրանք տնտեսական ու զբոսաշրջային գոտիներից առանձնացնելու համար:
5 տարվա բացակայությունից հետ «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման պլանը հաստատվել է միայն 2017թ-ին, երբ փոխվել է ոչ միայն ազգային պարկի տնօրենը, այլև բնապահպանության նախարարը:
Վերահսկիչ պալատի բացահայտած հաջորդ խախտումը վերաբերում է կառուցապատման պայմանագրերին:
Ըստ հաշվետվության՝ ազգային պարկի ղեկավարությունը տարբեր անձանց հետ կառուցապատման 80 պայմանագիր է կնքել: Դրանց կեսից ավելին այդպես էլ մնացել են թղթի վրա: ՎՊ տեսուչներն այցելել են տեղամասեր ու պարզել, որ վարձակալությամբ տրված 41 տեղամասերում պայմանագրի կնքումից հետո ոչ մի կառուցապատում չի արվել: Բայց ազգային պարկի ղեկավարությունը չի էլ փորձել պարտավորությունները չկատարած վարձակալների հետ խզել պայմանագրերը: Միաժամանակ վարձակալության դիմաց վճարված գումարները թերի են վճարվել բյուջե:
Թե այս նոր բացահայտումները որքանով կբարդացնեն «Դիլիջան»-ի նախկին տնօրենի առանց այդ էլ բարդ իրավիճակը, առայժմ պարզ չէ: Ի տարբերություն ՙՍևան՚ ազգային պարկի մասին հաշվետվության, որի հիմքով գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց, «Դիլիջանի» մասին որևէ հայտարարություն դեռ չի արվել:
Ինչ վերաբերում է պարկի այդ տարիների տնօրեն Աշոտ Դավթյանին, նա այժմ ամբաստանյալի կարգավիճակում է:
Տավուշի մարզի դատարանում քննվող քրեական գործով Դավթյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: Ըստ քրեական գործի՝ Դավթյանն իր ենթակա աշխատակիցներին ստիպել է անտառահատումների կեղծ արձանագրություններ կազմել՝ դրանք ձևակերպելով մահացած անձանց անուններով: Ապա ինքն էլ կնքել ու ստորագրել է կեղծ փաստաթղթերն ու դրանք հանձնել բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին:
Արդյունքում հատված անտառի ու բնությանը հասցված վնասի դիմաց տուգանքներ չեն գանձվել, և պետությանը հասցվել է հարյուրավոր միլիոնների վնաս:
Նշենք, որ «Դիլիջան» ԱՊ տնօրենը միակ պաշտոնյան չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այլ քրեական գործերով որպես մեղադրյալներ են ներգրավված նաև ազգային պարկի տարբեր տեղամասերի պետեր ու այլ աշխատակիցներ:Այդ գործերի նախաքննությունը դեռ ավարտված չէ: