Հայ համայնքը պատգամավորի թեկնածուներ է առաջադրել Լիբանանի խորհրդարանի ընտրություններում

Հայ համայնքը ակտիվ է Լիբանանի քաղաքական կյանքում, հայերը կմասնակցեն նաև հանրապետության խորհրդարանական ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Լիբանանի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան մայիսի 6-ին, ներկայացված են հայազգի ութ թեկնածուներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Հայկական բաստուրմայի համար հերթ են կանգնում. ինչն է զարմացրել իտալացի լրագրողին

Նրա խոսքով՝ «Դաշնակցություն» կուսակցությունը նախօրեին կազմակերպել է նախընտրական հանրահավաք, որին ակտիվ մասնակցել են Լիբանանի հայերը։

«Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին։ Այստեղ ընտրական համակարգը համայնքային սկզբունք է նախատեսում։ Լիբանանի խորհրդարանում կա 128 տեղ, որոնց համար պայքարում են ավելի քան 10 կուսակցություն։ Լիբանանի հայ համայնքը հիմա ունի վեց պատգամավորական մանդատ։ «Դաշնակցություն» կուսակցությունն առաջադրել է չորս թեկնածու, «Ռամկավար Ազատական» կուսակցությունը՝ երեք, իսկ «Հնչակյանը»՝ մեկ», — նշեց Գանտահարյանը։

Հայկական կուսակցությունների կողմից առաջադրված են ութ թեկնածու, բայց հայ համայնքին հատկացված քվոտայից բացի, կան նաև այլ հայեր, որոնք հավակնում են պատգամավորական աթոռի։

Աղոթեք ու ամուսնացեք Հայաստանում, կամ ինչու են լիբանանցիները մեր երկիր ժամանում

«Նրանք ուղղակի ծագումով հայեր են, առաջադրվելու իրավունք ունեն։ Դա նոր երևույթ է խորհրդարանական ընտրությունների համար», — հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Գանտահարյանի խոսքով՝ հայ պատգամավորները նպատակ ունեն լուծել համայնքի հարցերը, հատկապես վերջին շրջանում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների ակտիվացման ֆոնին։ Փետրվարին Հայաստան էր այցելել Լիբանանի նախագահ Միշել Աունը, իսկ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Լիբանան։

Գանտահարյանի խոսքով՝ կարելի է համարձակորեն ասել, որ Հայաստանի և Լիբանանի կապերն ակտիվացել են, բացվել է ուղիղ չվերթ։ Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծ դեր կարող են խաղել Լիբանանի հայ պատգամավորները։