ՀՀԿ-ն պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վստահեցնում է` իրենց պատգամավորները ազատ են և անկախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե պատգամավորներ Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին ՀՀԿ կողմից ներկայացվող մանդատից հրաժարվելու պահանջը հակասահմանադրական է:

Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին. «Անթույլատրելի է»

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից հայտնում են, որ բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել:

ՀՀԿ-ն նշում է, որ Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:

«Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում: Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքներին համապատասխան»,- նշված է հայտարարության մեջ:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ասվում էր, թե «ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։