Լարված իրավիճակ Գյումրիում. մարդիկ պահանջում են Շիրակի համալսարանի ռեկտորի հրաժարականը

Դասախոսներն ու ուսանողները հավաքվել են Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի մոտ և երկու պահանջ են ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Գյումրու Շիրակի պետական համալսարանի մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել և պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Երեկ պարզ դարձավ, որ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին` ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը։ Այս փաստը վրդովեցրել է մի շարք գյումրեցիների, որոնք այսօր Մինասյանի հրաժարականի պահանջով հավաքվել են բուհի մոտ։ Նրանք նաև հանդիպում են պահանջում Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի հետ։

Նշենք, որ մեկ ամիս առաջ ռեկտորը աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, որոնք դեռ 2017 թվականին բաց նամակ էին հղել` ներկայացնելով Մինասյանի չարաշահումները։

«Շիրակի» ճակատագիրը փակ դռների հետևում. ո՞վ է մեղավոր` ռեկտո՞րը, թե՞ դասախոսները

Բողոքող ուսանողների և դասախոսներին դեմ դուրս եկան ռեկտորի կողմնակիցները` նշելով, որ ներկայացված բողոքները չեն համապատասխանում իրականությանը։

Աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, որ իրենք ունեն բուհի ռեկտորի դեմ մի շարք փաստարկներ, որոնք ներկայացվել են համապատասխան կառույցներ։

Ի պատասխան ցուցարարների` ռեկտորը եկավ հավաքվածների մոտ և ասաց, որ պատրաստ է ապացուցել իր գործողությունների արդարացիությունն։

Նա հայտարարեց, որ թեև ինքը հանդիսանում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, բայց իր ղեկավարած բուհն ապաքաղաքականացված կառույց է։ Ռեկտորի այս հայտարարությունը ցուցարարների դժգոհությանն արժանացավ։

Մարդիկ առայժմ բուհի տարածքից հեռանալու մտադրություն չունեն։