Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը նշվում է մայիսի 5-ին։ Որքա՞ն են իրենց ազատ զգում Հայաստանի հաշմանդամները, ի՞նչ կցանկանային փոխել այսօրվա իրողություններում։ Sputnik Արմենիան փորձել է գտնել այս հարցերի պատասխանները` զրուցելով պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի հետ։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Ստասը դիմավորում է մեզ «Փյունիկ» հաշմանդամների միությունում, հենց այստեղ է նա ամռանն անցկացնում իր մարզումները։ Նա սիրալիր համաձայնում է նախ ցույց տալ, թե ինչպիսի պայմաններում են պատրաստվում են մրցումներին (ինչպես տեղական, այնպես էլ միջազգային) և հետո միայն հարցազրույց է տալիս։
Մինչ մենք իջնում ենք մարզասրահ, Ստասը պատմում է, որ Փհենչհանում կայացած պարալիմպիկ խաղերը թվով հինգերորդն են, որոնց նա մասնակցում է։
— Երկու անգամ մասնակցել եմ ամառային խաղերին։ Ես նաև զբաղվում եմ առագաստային սպորտով, — ասում է մարզիկը, — 1994թ-ից սկսել ենք ելույթ ունենալ առագաստային սպորտի միջազգային մրցումներում։ Երկու տարի անց մասնակցել ենք Ատլանտայի պարալիմպիկ խաղերին, որտեղ զբաղեցրել ենք 8-րդ տեղը 25 թիմերի շարքում։
Ստասն առաջինն է իջնում աստիճաններով և ինձ համար բացում դուռը։
— Կարծում եմ՝ ծով չունեցող երկրի համար վատ արդյունք չէ, — ժպտալով նկատում է նա։
Մարզասրահը մեծ պատուհանով փոքր տարածք է։
— Ստաս, իսկ այս մարզասարքերն ինչ-որ կերպ հարմարեցվա՞ծ են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, — հետաքրքրվում եմ ես։
— Ոչ, սրանք սովորական մարզասարքեր են, — ասում է նա և ցույց տալիս, թե ինչպիսի վարժություններ է կատարում տաք եղանակին, երբ ձյուն չկա։
Կիսով չափ մասնագիտություն, կիսով չափ հոբբի
Կորեայում անցկացված խաղերում Ստաս Նազարյանը մրցել է դահուկավազքում։ Բայց նախկինում նա պարալիմպիկ խաղերում հանդես է եկել որպես լեռնադահուկորդ։
Խոստովանում է, որ սպորտի նկատմամբ է միշտ հակում ունեցել։ Եվ նույնիսկ 1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ մեկ ոտքի կորուստը չի խանգարել իրագործել երազանքը։ Այդ ժամանակ նա տասը տարեկան է եղել։
Դրանից հետո Ստասի գիտակցության մեջ և, բնականաբար, կյանքում շատ բան է փոխվել հենց «Փյունիկ» հաշմանդամների ասոցիացիայի շնորհիվ։
— Իմ մարզական կյանքը սկսվել է հենց «Փյունիկից»։ Ես ելույթ եմ ունեցել ասոցիացիայում 1990թ-ից, երեք տարի հաճախել եմ վերականգնողական ճամբարներ։ Դա շատ է փոխել իմ կյանքը, իմ գիտակցությունը։ Դե, հասկանում եք, այդ ամենը՝ կապված հաշմանդամության հետ։ Նման դեպքերում մարդիկ ավելի փակ են լինում։ Բայց ինչ-որ պահի ես սկսեցի ուրիշ աչքերով նայել կյանքին և արդեն 1994թ-ից սկսեցի զբաղվել սպորտով։
Ստաս Նազարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Արդեն երեք տարի է՝ ընտանիքի հետ մասնակցում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին և երեք տարի շարունակ զբաղեցնում առաջին տեղը՝ ստանալով Հայաստանի նախագահի պարգևը։
Մարզիկը կարծում է, որ հայ պարալիմպիկ մարզիկներն անարդարացիորեն զրկվել են պետության պատշաճ ուշադրությունից։
— 1994թ-ից սկսած՝ Հայաստանում պարալիմպիկ մարզաձևերը բավական ակտիվ զարգացել են։ Ամեն տարի մենք անցկացնում ենք հաշմանդամների մարզական փառատոն, որին մասնակցում են մոտ 60-70 մարզիկներ։ Բացի այդ, մենք իսկապես լավ մարզիկներ ունենք, որոնք մասնակցում ենք միջազգային մրցումների։ Որոշակի պայմաններում ունենք մարզումների համար, բայց մենք ունենք պետության ուշադրության կարիքը։
Ստասը 1997թ-ին դարձել է սպորտի վարպետ, բայց չի կարողանում շատ ժամանակ հատկացնել սպորտին, քանի որ ստիպված է ընտանիքը պահել այլ եղանակներով։
— Տարբեր աշխատանքներ եմ անում, զբաղվում նաև մարզչական գործունեությամբ։ Չի ստացվում կենտրոնանալ միայն սպորտի վրա։ Եթե մենք անհրաժեշտ աջակցություն ունենայինք, ապա ավելի շատ ժամանակ և ուժ կտրամադրեինք միայն մարզումներին, այդ ժամանակ արդյունքներն ավելի լավը կլինեին։ Չէ՞ որ մենք կատարում ենք նույն աշխատանքը, ինչ մնացած մարզիկները, որոնք նույնպես ներկայացնում են մեր երկիրը։
Հայաստանում հաշմանդամների նպաստը կազմում է 20 հազար դրամ
Ստասը խոստովանում է, որ սպորտից չի հեռանում սպորտի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ, ինչպես նաև ելնելով հայրենասիրական զգացմունքներից։ Բայց միակ հենարանը և պարալիմպիկների աջակցությունը մնում է «Փյունիկը»։Սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մարզիկը նշում է, որ Հայաստանում մեծ խնդիրներ կան՝ կապված նրանց տեղաշարժվելու հետ։
— Քեզ ազատ զգալու և մյուսների օգնությունից կախված չլինելու համար դու չպետք է խոչընդոտների հանդիպես մի տեղից մյուսը գնալիս։ Եվս մեկ գլխացավանք է կայանելը։ Կան հատուկ նախատեսված տեղեր, բայց դրանք միշտ զբաղված են, ուստի պետք է վերահսկել դրանք։
Ստասը նշում է, որ չնայած խնդիրներին, վերջին 20 տարվա ընթացքում հաշմանդամների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվել է դեպի լավը։
Հայաստանում այսօր կան մոտ 190 հազար հաշմանդամներ։ Միաժամանակ աշխատունակ հաշմանդամների միայն 8-9 տոկոսն է ապահովված աշխատանքով։