ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայուհի Սուսաննա Թափալցյանը Մոսկվայում հայտնի «Փարոոս» սրճարանի սեփականատերն է։ Նա այնքան է սիրում իր հաստատությունը, որ նույնիսկ տան հնարժեք գորգն ու դաշնամուրը տեղափոխել է այնտեղ։ «Ներկա ժամանակ» մեդիանախագիծը հայուհու մասին ռեպորտաժ է նկարահանել։
Մոսկվայի կենտրոնում` աննկատ մի վայրում, թաքնված է լեգենդար «Փարոս» սրճարանը։ Սեփականատերը` Սուսաննա Թափալցյանը, տնօրինում է խոհանոցը, դիմավորում է հյուրերին ու ապահովում է նրանց ժամանցը, նաև ֆեյսվերահսկողություն է իրականացնում։ Նա ինքն է որոշում` ով կարող է մտնել իր հաստատություն, ով` ոչ։
90-ականներին կինը հրաժարվել է գիտության թեկնածուի կարիերայից ու վերհիշելով իր տատի բաղադրատոմսերը` սկսել է դրանցով խմորեղեն թխել։ Մասնագիտությամբ Սուսաննան կենսաքիմիկոս ու տեխնոլոգ է։
Նրան հաճախ են հարցնում, «Փարոսը» հայկակա՞ն սրճարան է։ Տիրուհին կեսկատակ պատասխանում է` սրճարանը միջազգային է։
«Իմ խոհանոցն այնքան մեծ չէ, որ այնտեղ սահմաններ դնեմ», —ասում է նա։
Բաղադրիչների մեծ մասը Հայաստանից են ներմուծում։ Հաստատության պատերին բազում շնորհակալագրեր են կախված։ Այստեղ մեկ անգամ այցելողը մշտական հյուր ու ընկեր է դառնում։
Սրճարանի կահավորումը մեծ ջանքեր է պահանջել. Թափալցյանը կարողացել է լքված, առնետներով լի տարածքը հարմարավետ սրճարանի վերածել։
«Դաշնամուրն ու գորգը տնից եմ տեղափոխել։ Երեխաներս բարկանում են, ասում են, որ հնարժեք իրեր եմ բերել։ Ես կառուցեցի այս սրճարանը, երկու օգտագործված վառարան դրեցի ու սկսեցի խմորեղեն թխել», — ասում է տիրուհին։
Նա հպարտանում է իր այցելուներով։ Ասում է` սրճարանի պատմության 25 տարիների ընթացքում իրեն հաջողվել է այդ հաստատությունում բազում հետաքրքիր մարդկանց ու մտավորականների հյուրընկալել։
Հաճախորդների շարքում հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ են` կոմունիստներ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամներ, հակաֆաշիստներ։
Սուսաննան պնդում է, որ նրա բիզնեսի վրա երեք գործոն է ազդում` գովազդը, մրցակցությունն ու ճգնաժամը։
«Ես նույնիսկ կայք չունեմ։ Հավատու՞մ եք։ Ես ասում եմ` իմ կայքը սրճարանից տարածվող բույրն է», —ասում է կինը։
Տեսանյութում երևում է` ինչ հյուրընկալությամբ ու սրտաբացությամբ է Սուսաննան ընդունում այցելուներին ու նրանց իր ֆիրմային թրմօղին հյուրասիրում։