ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀԿ իշխող կուսակցության ներկայացուցիչները մինչև վերջին քվեն առևտուր են անելու ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ հանրապետականները Փաշինյանին պետք կգան ոչ միայն վարչապետ ընտրվելու ժամանակ, այլև Ընտրական օրենսգրքում հետագա բարեփոխումներ անցկացնելու համար։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի։ Չի բացառվում, որ կհրաժարվեն ռեյտինգային համակարգից։ Այդ փոփոխությունները պետք է հաստատի խորհրդարանը, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում։ Քոչարյանի կարծիքով, եթե ենթադրենք, որ Փաշինյանի ընտրության ժամանակ իրենց ձայները կտան հանրապետականներից 10-ը, երաշխիք չկա, որ այդ 10-ը կաջակցեն ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նրա նախաձեռնությանը։
Պատկերավոր ասած, բողոքի շարժման առաջնորդը ստիպված է լինելու մետր առ մետր նվաճել իր իշխանությունը, կարծում է Քոչարյանը։
«Չենք կարող ասել, թե այդ առևտուրը ինչպես կանցնի, ինչ կխոստանա Փաշինյանը հանրապետականներին դրա դիմաց։ Իշխանության ապագա կառուցվածքի ձևավորումը հսկայական բարդ աշխատանք է, որն ամիսներ կտևի», — նշեց Քոչարյանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ հայտարարված արտահերթ ընտրությունները, որոնք կհաջորդեն վարչապետի ընտրություններին, կանցկացվեն ոչ շուտ, քան աշնանը։ Այդ ընթացքում անխուսափելի կլինեն «առնետավազքերը», հատկապես գործարարների շարքում, որոնք կփորձեն որոշակի երաշխիքներ ստանալ իրենց համար։ Մի բան կարելի է հստակ ասել` ՀՀԿ-ն նախկին քանակով նոր խորհրդարանում ներկայացված չի լինելու։
Փորձագետները կարծում են, որ նախկին հասարակական-քաղաքական և տնտեսական կացութաձև, բիզնեսի և իշխանության սերտաճում չի լինելու, համենայնդեպս այնպես, ինչպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք։ «Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ մարդիկ, որոնք փողոց էին դուրս եկել Սարգսյանի դեմ, մի գեղեցիկ օր կարող են նրա դեմ դուրս գալ. հին և ապատիկ սերնդին փոխարինելու է եկել նոր սերունդը, որը զգացել է հեղափոխության համը»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։
Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։