«Ելքն» ու «Ծառուկյանը» Սահմանադրական դատարանի անդամի ընտրությանը չեն մասնակցի

ԱԺ–ում այս պահին անցկացվում է ՍԴ անդամի թափուր տեղի համար փակ գաղտնի քվեարկություն։ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

Գործարարները նոր «տանիք» են փնտրո՞ւմ. Սամվել Ալեքսանյանը կքվեարկի Փաշինյանի օգտին

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը Ազգային ժողովում անցկացվելու է այսօր ժամը 10.00-ից մինչև 11.10-ը:

Ընտրությունն անցնում է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, փակ գաղտնի կարգով:

ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 3/5-րդի քվեն:

ՍԴ անդամի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Էմիլ Բաբայանն այս տարվա փետրվարի 6-ից նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ Մինչ այդ, 2012թ.-ից եղել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ, 2008-2012թթ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։