Հավանաբար, Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն մայիսի 14-ին

Եթե մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվի ՀՀ վարչապետի պաշտոնում, չի բացառվում, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներն իրենց առաջին հանդիպումն անցկացնեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Չի բացառվում, որ ՀՀ վարչապետի ներկայիս թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեն մայիսի 14-ին։ Այդ օրը Սոչիում պետությունների ղեկավարների մակարդակով տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու դեպքում չի բացառվում, որ երկու երկրների առաջնորդներն իրենց առաջին հանդիպումն ունենան մայիսի 14-ին, Սոչիում անցկացվող նիստի շրջանակներում։

Պուտինը և Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

«Եթե Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելը կատարված փաստ համարենք, ապա` այո, մենք չենք բացառում նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ մայիսի 14-ին», — Sputnik Արմենիայի հարցերին պատասխանելիս ասաց Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։ Վարչապետի նոր ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին։