Ռուսաստանը միտված է Հայաստանի հետ դաշնակցությունն ամրապնդելուն. Զախարովա

Ռուսաստանը կողմ է, որ եղբայրական Հայաստանում առկա խնդիրները լուծվեն սահմանադրական ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակվի ամրապնդվել, ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրեց, որ երկրի Սահմանադրության համաձայն մայիսի 8-ին ԱԺ–ում տեղի են ունենալու վարչապետի նոր ընտրությունները, քանի որ մայիսի 1-ի դա չհաջողվեց անել։

«Ելքն» ու «Ծառուկյանը» Սահմանադրական դատարանի անդամի ընտրությանը չեն մասնակցի

«Ներկա պահին իրավիճակը Երևանում և երկրում որոշակի առումով կայունացել է։ Մենք բազմիցս հանդես ենք եկել և հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանի ներքին խնդիրները Սահմանադրության հիման վրա, իրավական դաշտում, տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով լուծելու կողմնակից», – ասաց Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանը երկկողմանի հարաբերությունների ոլորտում անշեղորեն միտված է շարունակելու հայ գործընկերների հետ դաշնակցային փոխգործակցությունն ու ինտեգրացիոն համագործակցությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։