Իսկ ինչո՞ւ պետք է վախենան մեզանից. Փաշինյանը խոսել է հետագա ծրագրերի մասին

Հանրապետականներն արդեն իսկ հեռացել են, սակայն առայժմ չգիտեն դրա մասին, չեն գիտակցում։ Նման կարծիք է հայտնել Փաշինյանը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը չպետք է իրենցից վախենա։ Այդ մասին նա հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Այդ հարցազրույցը մոսկովյան պարբերականն իր կայքում տեղադրել է հանրապետականների` մայիսի 8-ի քվեարկությանը վերաբերող որոշման հրապարակումից մի քանի ժամ առաջ:

Պուտինը և Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Դիտարկմանը, թե մայիսի 1-ին ընտրությունների ժամանակ Ազգային ժողովում տպավորություն էր ստեղծվել, թե հանրապետականները չեն վախենում ոչ Փաշինյանից, ոչ փողոցային շարժումից և բավականին ինքնավստահ էին ու խստորեն քննադատեցին շարժման առաջնորդին, ընդդիմադիր պատգամավորն ասաց` «Իսկ ինչո՞ւ պետք է վախենան մեզանից»։

Հակադարձ հարցին, թե «ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում գործընթացը բեկել», Փաշինյանը պատասխանել է` «Նրբորեն»։

Փաշինյանի խոսքով` նա պատրաստ է աշխատել հանրապետականների հետ, բայց ոչ որպես կուսակցության, այլ նրա առանձին ներկայացուցիչների։

«Մենք կաշխատենք առանձին դեմքերի հետ։ Իսկ նրանց հետ մենք խոսելու ենք միայն իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու մասին, ուրիշ ոչ մի բանի»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա` չկա զարգացման իրական սցենար, որը իրենց ձեռնտու չլինի։ Ամեն դեպքում հաղթանակն իրենցն է լինելու։

«Հանրապետականներն արդեն իսկ հեռացել են, սակայն առայժմ չգիտեն դրա մասին, չեն գիտակցում»,- հավելել է Փաշինյանը։

Ցույցերի օրերին ՄԻՊ–ը ստացել է 459 ահազանգ, արձանագրել մի շարք խախտումներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կսատարի Նիկոլ ՓԱշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մայիսի 3-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։ Վարչապետի նոր ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին։