ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներից բաղկացած պատվիրակությունն այս պահին մեկնում է Արցախ: Sputnik Արմենիայի հետ զրույցում մամուլում տարածված այս տեղեկությունները հաստատեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հաստատեց, որ այս պահին գտնվում է Արցախում։
Պատգամավորների այցի մասին տեղեկությունները չժխտեց նաև ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նա թեև որևէ տեղեկատվություն չտրամադրեց, բայց խորհուրդ տվեց հավելյալ տեղեկությունների համար հետևել պաշտոնական լրահոսին։
Ըստ լուրերի` հայաստանյան խորհրդարանի պատգամավորներն Արցախում հանդիպելու են նախագահ Բակո Սահակյանի հետ: Այնտեղ նախատեսվում է խաղաղության հռչակագիր ստորագրել:
Արցախ մեկնածների թվում են «Ելք» խմբակցույունից Արարատ Միրզոյանը, «Ծառուկյան»-ից Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: