Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպման ժամանակ հրել է լուսանկարչին, որը փակել էր նրա կնոջ` Լի Սոլ Չուի ու Հարավային Կորեայի նախագահի կին Կիմ Չժոն Սուկի ճանապարհը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 27-ին «Խաղաղության տանը», որը գտնվում է ապառազմականացված գոտու հարավային մասում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Youtube-ում հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել` ինչպես է ֆոտոթղթակիցը փակում իրենց ամուսինների կողքից գնացող կանանց ճանապարհը։ Հետ-հետ գնալով` նա փորձում է լուսանկարել։ Սակայն նրա հետևում Կորեայի երկու առաջնորդներն էին։ Այդ պահին Հյուսիսային Կորեայի առաջնորդը լրագրողին մի կողմ է հրում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ապրիլի 27-ին 11 տարվա մեջ առաջին հանդիպում են անցկացրել։ Երկու երկրների առաջնորդների բանակցությունները կայացել են Փհանմունջ սահմանամերձ գյուղում` «Խաղաղության տանը», որը գտնվում է Կորեայի տարածքում։ 1953 թվականին պատերազմի ավարտից հետո` 65 տարվա մեջ առաջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ոտք է դրել Հարավային Կորեայի տարածք։