Բողոքի շարժման ընթացքում Բաքուն կարող էր Արցախում լարվածություն առաջացնել. Մարկեդոնով

Մարկեդոնովի խոսքով` Ադրբեջանի հասարակության մի մասը կարծում է, թե Հայաստանի նոր իշխանությունները զիջումների կգնան, սակայն այդ ակնկալիքները հեռու են իրականությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ադրբեջանը կարող է Արցախում ռազմական գործողությունների դիմել, եթե Հայաստանի ապակայունացումն ավելի լուրջ լիներ։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

Ինչպե՞ս է Բաքուն արձագանքում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին

«Ադրբեջանական բլոգներում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ են փոխզիջումների և զիջումների։ Չեմ կարծում, որ նոր իշխանությունների դիրքորոշումը շատ է տարբերվելու նախկինից», — ասաց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` հայ հասարակության մեջ այդ հարցով որոշակի կոնսենսուս կա, ու նոր իշխանությունը դժվար թեիր գործունեությունը սկսի Արցախի հարցում զիջումներից։

Բողոքի շարժման պատճառներից մեկն էլ տարածքային կորուստն էր, թեև նման հավանականությունը փոքր էր։ Այդուհանդերձ պարբերաբար լուրեր էին տարածվում հնարավոր ինչ-որ փոխանակման մասին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր գործողություններին` քաղաքագետի խոսքով` Բաքվում շատ զգոն են ու մի շարք պատճառներով կխուսափեն էսկալացիայի դիմել։

«Նախ` Արցախը չի դիտարկվում որպես պրոքսի պատերազմի տարածաշրջան։ Այն բացառիկ կետերից է, որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցումներ ունեն», — նշեց Մարկեդոնովը։

Մյուս կողմից էլ եթե Հայաստանում տիրող իրավիճակը շատ ավելի լարված լիներ, ու գործը հասներ բախումներին, ապա Ադրբեջանը շփման գծում կոշտ գործողությունների կդիմեր, ինչպես դա եղավ 2008 թվականի մարտին։

Հայաստանի ընթացիկ իրավիճակը վկայում է այն մասին, որ գործընթացներն, ամենայն հավանակությամբ, այդ ճանապարհով չեն զարգանա։

«Նեկայիս իրավիճակում Բաքուն զգուշորեն է գործում։ Բացի այդ` առջևում հանրապետության հարյուրամյակի հետ կապված տոնակատարություններն են։ Ադրբեջանը բարձրաստիճան հյուրերի է ընդունելու Արևմուտքից ու Ռուսաստանից։ Բաքուն երևի չէր ուզենա այդ միջոցառումներից առաջ բացասական տեղեկատվական ֆոնում հայտնվել», — կարծում է Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորմանը` այսօր, նրա խոսքով, կողմերը չունեն որևէ փոխզիջման ցանկություն և առավելագույն բարձր նշաձողեր են նախանշում։

Մարկեդոնովի խոսքով` արտաքին ուժերն այլ հարցերով են զբաղված` Ռուսաստանի ու Արևմուտքի համար առաջնահերթ են Սիրիան ու Դոնբասը։

Բաքուն հույս ունի, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կլինի. Երևանը կհիասթափեցնի՞ Բաքվին

Ավելի վաղ Ստեփանակերտում հայտնում էին շփման գծում ադրբեջանական բանակի ակտիվության մասին։ Հայաստանում ներքաղաքական ապակայունացման պայմաններում շփման գծի մոտ տեխնիկա էր կուտակում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին Երևանի և հանրապետության հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։