Տաք ու համով, ինչպես ժողովրդի հոգին. ղրիմցի աղջիկը` հայկական խոհանոցի մասին

Հայաստանն առաջին երկիրն էր, ուր այցելեց ղրիմցի Ելենա Սոլովյովան։ Նա կարծում է, որ դա հիանալի մեկնարկ է աշխարհի տարբեր երկրներով ուղևորություններ սկսելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայկական խոհանոցի ուտեստները համտեսելիս` ակամա մտածում ես` ուտելիքի մեջ հաստատ երկրի կոլորիտն են ավելացնում, կարծում է Ելենա Սոլովյովան։ Նա Հայաստան գործուղման էր եկել և մեկ շաբաթ մնացել։

Ղրիմցին Հայաստանի ազգային խոհանոցը համեմատում է ժողովրդի հոգու հետ. ուտեստները հիմնականում տաք են ու համով։ Նրան զարմացրել էր բուրավետ համեմունքների բազմազանությունը, որոնք օգտագործվում են հայկական ուտեստները պատրաստելիս։ Իսկ Երևանն այժմ նրա մոտ ասոցացվում է նռան գինու հետ։

Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

«Բոլոր համեմունքների անունները չեմ հիշել։ Այնպիսի տպավորություն է, որ ուտեստների մեջ երկրի կոլորիտն են ավելացնում», – խոստովանեց հյուրը։

Խոհանոցը միակ բանը չէ, որ տպավորել է աղջկան Հայաստանում։ Ելենան այստեղ ընկերներ է ձեռք բերել, արժեքավոր ընկերներ։

Նա նշեց, որ նախքան այս ուղևորությունը հարազատ Ռուսաստանի սահմաններից դուրս գալու հնարավորություն ինքը չի ունեցել, և Հայաստանն առաջին երկիրն էր, որ այցելեց։

«Արտասահմանյան անձնագիրս բացարձակ մաքուր է և անհույս ապրում էր բազմաթիվ փաստաթղթերի մեջ, մինչև աշխատավայրում չհայտնեցին Հայաստան գործուղմանս մասին», – պատմեց Ելենան։

Արտասահմանյան անձնագրում արված առաջին կնիքը նրան ցրտաշունչ Մոսկվայից արևոտ Երևան բերեց։

«Հիանալի մեկնարկ է արտասահմանյան շրջագայությունների համար», – համոզված է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Елена Соловьева в Гарни

Թեև ուղևորությունը գործնական բնույթ էր կրում, այնուամենայնիվ, Ելենան կարծում է, որ նա այստեղ ոչ թե աշխատել, այլ ապրել է։ Աղջիկը վստահեցնում է, որ այստեղ անմիջապես քեզ «յուրային» ես զգում։ Նրան զարմացրել է նաև Երևանի կյանքի ռիթմը, այն խիստ տարբերվում է Ռուսաստանի խոշոր քաղաքների տեմպից։

«Մի քանի օր էր պետք` կյանքի ռիթմին ընտելանալու համար։ Ինձ թվաց, թե Երևանի բնակիչներն այնքան երջանիկ են, որ որևէ տեղ չեն շտապում», – ասաց ղրիմցին։

Նրան հաճելիորեն զարմացրել էին ցայտաղբյուրները, նստարանները, կակաչներով անհավանական գեղեցկությամբ թմբերը, և իհարկե` արևը։

«Եղանակը նույնքան հյուրընկալ է, ինչպես և բոլոր հայերը», – փաստում է Ելենան։

Հայաստանի մայրաքաղաքը երեկոյան կենդանություն է առնում. աղջկա մոտ տպավորություն է ստեղծվել, որ բոլոր բնակիչները դուրս են գալիս զբոսնելու համեղ հոտ ունեցող քաղաքով։