Քաղաքական փակուղի Հայաստանում. ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը քաղաքական իրավիճակը առողջացնելու և իշխանության թևերը հավասարակշռելու իր առաջարկներն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Բողոքի զանգվածային ցույցերը, հանրահավաքներն ու երթերը Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տևեցին մի քանի շաբաթ։ Թվում էր թե, խորհրդարանին մայիսի 1-ին կհաջողվի վարչապետ ընտրել, և այդպիսով մի փոքր լիցքաթափել մթնոլորտը։ Սակայն դա տեղի չունեցավ։

Շախմատային խաղաքար` ուսապարկի մեջ․ ինչ ընդհանուր բան կա Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի միջև

Խորհրդարանական մեծամասնությունն ի դեմս ՀՀԿ–ի հրաժարվեց վարչապետի և պետության փաստացի ղեկավարի լիազորությունները հանձնել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Միևնույն ժամանակ փորձառու քաղաքական գործիչներն իշխող կուսակցությանը խորհուրդ են տալիս հնարավորինս արագ զիջել իշխանությունը` համարելով, որ միայն այդպես կարելի է հանգուցալուծել ստեղծված իրավիճակը։ Նման կարծիք, մասնավորապես, Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Այսօր իշխանությունը փաստացի հանրապետականներին չի պատկանում, այդ իշխանությունն այսօր իրականում փողոցում է։ ՀՀԿ–ն պետք է մտածի, թե ինչպես արագ հանգուցալուծի այս իրավիճակը։ Լավ կլինի, եթե մենք կարողանանք խուսափել անարխիայից։ Անհրաժեշտ է շատ արագ պայմանավորվել բողոքի շարժման առաջնորդին իշխանությունը փոխանցելու ձևերի մասին։ ՀՀԿ–ն այլ ելք չունի։ Իշխանությունն ամբողջությամբ բարոյալքված է, և ժողովուրդն այլևս նրան չի ընկալում», – ասաց Սարգսյանը։

Դեմոկրատական կուսակցության առաջնորդի, Հայաստանի կոմկուսի ԿԿ–ի նախկին քարտուղարի համար ներկայիս իրավիճակը նորություն չէ։ Նրա խոսքով` հանրապետականներն այսօր որոշակի առումով նույն վիճակում են հայտնվել, ինչ 1990 թվականին կոմունիստները, որոնք աստիճանաբար կորցնում էին հողը ոտքերի տակ։ Այն ժամանակ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ, խորհրդարանական մեծամասնության (ի դեմս կոմունիստների) առկայությանը հակառակ, դարձավ Հայոց համազգային շարժման առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Եվ իշխանությունն առանց որևէ ցնցումների անցավ ՀՀՇ–ի ձեռքը։

Մայիսի 8-ին մայիսի 1-ը չի կրկնվի, բայց Փաշինյանը պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

«Անկախ նրանից, որ մեզ առաջարկում էին զորք մտցնել, ճնշել ժողովրդական շարժումն ու վերադարձնել իշխանությունը Կոմկուսին, մեզանից ոչ ոք այն ժամանակ դրան չհամաձայնեց։ Եվ, որպես հետևանք, Կոմկուսից ՀՀՇ–ին իշխանությունն անցավ առանց արյունահեղության և ցնցումների», – պատմեց քաղաքական գործիչը։

Այն ժամանակ` 90-ականների սկզբին, ժողովրդական վերելքի ալիքի վրա իշխանության եկան կառավարման հարցում բացարձակ անփորձ մարդիկ, որոնց գործողությունները շատ արագ անվերահսկելի դարձան։ Արդյունքում` Սարգսյանի կարծիքով, հանրապետությունը կորցրեց գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, գիտությունը, մի քանի տարվա ընթացքում Հայաստանից ավելի քան 500 հազար մարդ արտագաղթեց։ Հենց Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանությունն է հիմքեր դրել ներկայիս օլիգարխիկ հասարակարգի։ Քաղաքական գործիչը համոզված է` այսօր անցյալի սխալները չկրկնելու համար բոլոր նախադրյալները կան։

Նա կարծում է, որ այսօր պետք է պայմանավորվել իշխանության փոխանցման կանոնների և ձևերի մասին։ Սա շատ լուրջ և պատասխանատու գործընթաց է։ Միևնույն ժամանակ, ԱԺ–ն պետք է փոփոխություն մտցնի ընտրական օրենսգրքում` նորմալ ընտրություններ անցկացնելու համար, որոնք, ինչպես հայտնի է, պետք է հաջորդեն Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելուն։

Փաշինյանը դադարեցնում է ակցիաները. երեխեք ջա՛ն, գնում եք դասի` դասերը լավ սովորած

Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը զուգահեռ, խորհրդարանը կարող է վերածնել Ազգային անվտանգության խորհրդի նախկին ինստիտուտը, Անվտանգության խորհրդի կազմում ներառել նախագահին, և ավելին` Անվտանգության խորհուրդը նրան ենթարկել։ Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության համաձայն` Անվտանգության խորհուրդը բարեփոխումների էր ենթարկվել, նրա գործառույթները զգալիորեն փոխվել են, և այդ մարմինն անցել է վարչապետի վերահսկողության տակ։

Սարգսյանի խոսքով` իշխանության ճյուղերը հավասարակշռել է պետք, այլապես այժմ վարչապետի ձեռքերում հսկայական լիազորություններ են կենտրոնացել և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է ընկել նրա ուսերին։ Կարելի է վարչապետի որոշակի արտոնություն փոխանցել նախագահին և անել դա Անվտանգության խորհրդի «ալիքով»։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին պետք է արժանի և պրոֆեսիոնալ մարդ նշանակել։ Սարգսյանը կոնկրետ անուններ չնշեց, սակայն համոզմունք հայտնեց, որ նման մարդիկ կան երկրում։

«Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ նա ղեկավարելու է երկիրը վարչապետի կարգավիճակում, այդ պատճառով ողջ իշխանությունը փոխանցվել էր կառավարության ղեկավարին։ Լուրջ շեղում է առաջացել իշխանության մեջ։ Այժմ դրանից ձերբազատվել է պետք», – ասում է նա։

Այնուհետև Սարգսյանը առաջարկում է ժամանակավոր կառավարություն ձևավորել և արտահերթ ընտրությունների նախապատրաստվել։ Նախարարների կաբինետը պետք է այնպես ձևավորել, որպեսզի ոչ ոք առավելություն չունենա, ժամանակավոր կառավարությունը տարբեր քաղաքական ուժերից պետք է ձևավորվի։

«Պատկերավոր ասած, եթե այժմ մենք պայքարում ենք վիշապի հետ, ապա պետք է հետագայում քաղաքական համակարգն այնպես կառուցենք, որպեսզի նոր վիշապի չաճեցնենք։ Նոր իշխանությունը պետք է վերահսկելի լինի, հակակշիռների և զսպումների իրական մեխանիզմներ են պետք», – համոզված է Դեմկուսի առաջնորդը։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին

Ժամանակավոր կառավարությունը աշխատում է մինչև արտահերթ ընտրություններ և նոր իշխանության ձևավորում։ Արտահերթ ընտրությունները հայտարարելուց անմիջապես հետո վարչապետը, լինելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի ղեկավար, արձակուրդ է գնում, և այդ ժամանակ նրա պարտականությունները դրվում են չեզոք, հակակուսակցական մարդու, արդյունավետ մենեջերի վրա։

«Այդ դեպքում կարելի է արդար ընտրություններ ապահովել, որի արդյունքով էլ կձևավորվի նոր կառավարությունը», – ավելացրեց քաղաքական գործիչը։

Սարգսյանը նշեց, որ Դեմկուսի այս առաջարկները ուղղված են և՛ նախագահ Արմեն Սարգսյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին։

Հոդվածը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ–ն մայիսի 8-ի վարչապետի հերթական ընտրության ժամանակ կսատարի ժողովրդի թեկնածուին, որին կառաջադրի պատգամավորների 1/3–ը։ Հաշվի առնելով, որ խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Ծառուկյան» դաշինքն արդեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանին իր աջակցության մասին, այդ խմբակցության և «Ելք» խմբակցության ձայները, բավարար են 1/3 ապահովելու համար։ ՀՀԿ–ն փաստացի հայտարարել է բողոքի շարժման առաջնորդին աջակցելու մասին։