Մայիսի 8-ին մայիսի 1-ը չի կրկնվի, բայց Փաշինյանը պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

Առաջադրվելու համար անհրաժեշտ ստորագրությունները Փաշինյանն ունի։ Մայիսի 8-ին ընդդիմությունը կանխատեսում է ցանկացած իրավիճակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Անհրաժեշտ 1/3-ի ստորագրություններն արդեն հավաքված են, և Փաշինյանի թեկնածությունն այսօր պաշտոնապես կառաջադրվի ՀՀ վարչապետի թեկնածուի պաշտոնում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականները

Նա չբացառեց, որ մինչ այդ հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության անդամների հետ։ «Պլանավորվում է նման հանդիպում»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ մայիսի 1-ի իրավիճակը մայիսի 8-ին չի կրկնվի։

«Ես հույս ունեմ, որ նման իրավիճակ չի կրկնվի, բայց մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած պլանի»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում ապագա կառավարության կազմի, մասնավորապես` շրջանառվող անունների` Ֆելիքս Ցոլակյանի, Դավիթ Տոնոյանի և ՀՀԿ անդամ այլ անձանց գործադիրի իշխանությունում ներառելու մասին հարցերին Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց։ «Ուզում եմ արձանագրել, որ նոր վարչապետը ընտրվում է և պետք է ընտրվի առանց նախապայմանների, իսկ ընդհանուր առմամբ մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է, և այդ նպատակին հասնելու համար մենք կանենք կոնկրետ քայլեր` թելադրված տվյալ պահի քաղաքական իրավիճակով»,– ասաց Փաշինյանը։

27 ստորագրություն Փաշինյանին` «Ծառուկյանից»

Հիշեցնենք` մայիսի 1-ին ՀՀԿ–ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, թեև նախապես հայտարարել էր, թե չի խոչընդոտելու ժողովրդի թեկնածուի ընտրությանը։

Մայիսի 8-ին նշանակված է ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությունը, որին թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ուժերը պետք է ունենան պատգամավորների 1/3–ի` 35 պատգամավորի աջակցությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 53 ձայն։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 2–ին հայտարարել էր, որ ՀՀԿ–ն կքվեարկի ԱԺ 1/3-ի առաջադրած թեկնածուին, բայց չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը։