«Այդ ե՛ս եմ, փոստարար Պեչկինը». ո՞վ է Լևոն Խաչատրյանը Պրոստոկվաշինոյից

«Բոբիկը հյուր է գնում Բարբոսային», «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդներ Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմաշարը հավանաբար բոլորն են դիտել։ Այդ ֆիլմերի կերպարներին սիրահարվել են բազմաթիվ երեխաներ, որոնք արդեն մեծացել են և հաճույքով կրկին դիտում են դրանք։ Այդ մուլտֆիլմերի մի շարք կերպարներ ստեղծել է նկարիչ-մուլտիպլիկատոր Լևոն Խաչատրյանը։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Լևոն Խաչատրյանը ծնվել է 1941թ-ի մայիսի 3-ին` պատերազմի նախօրեին։ Հայրը` Արշավիր Խաչատրյանը, Հայաստանում հայտնի իլյուզիոնիստ է եղել, բայց որդին շատ է սիրել նկարել։ Նա Երևանում ավարտել է գեղարվեստական ուսումնարանը, հետո գնացել բանակ, իսկ 1967թ-ին մեկնել է Մոսկվա` ընդունվելու հայտնի (և ընդունվելու համար չափազանց բարդ) Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)։

«Մաշան ու արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկն ավելի քան 3 մլրդ անգամ են դիտել

Մոսկովյան բուհից հետո Լևոնը որոշ ժամանակ աշխատել է «Հայֆիլմում», բայց 1970-ականների կեսերին վերջնականապես տեղափոխվել է Մոսկվա` կնոջ և դստեր մոտ։ Այստեղ նրան սպասել է հաստիքը, որի մասին շատերն են երազել` բեմադրող-նկարիչ «Սոյուզմուլտֆիլմում»։ Այն ժամանակ մուլտֆիլմերը ստեղծագործելու համար անսահման հնարավորություններ են ընձեռել, և Խաչատրյանը գլխովին ընկղմվել է այդ կախարդական աշխարհի մեջ։

Նա ստեղծել է մոտ տասը մուլտիպլիկացիոն ֆիլմեր, բայց առավել մեծ հաջողություն են ունեցել Պրոստոկվաշինոյում Քեռի Ֆյոդորի և նրա ընկերների արկածների մասին մուլտֆիլմի երկու սերիաները, ինչպես նաև «Բոբիկը հյուր է գնում Բարբոս» ֆիլմը։ Խաչատրյանը հատկապես հաճույքով է ստեղծել Պրոստոկվաշինոյի հերոսներին։

Նկարիչը հորինել և կյանքի է կոչել Քեռի Ֆյոդորին և նրա ծնողներին, ինչպես նաև հայտնի փոստարար Պեչկինին, իսկ Մատրոսկին կատուն, Շարիկը, Մուրկա կովը և Գավրյուշա հորթուկն իրենց ծնունդով պարտական են Նիկոլայ Երիկալովին։ Խաչատրյանը չարչարվել է Պեչկինի վրա, երկար աշխատել, մի քանի տարբերակներ ստեղծել և արդյունքում ընդունել այն, որը հոգեհարազատ է եղել հենց մուլտիպլիկատորին։

Իսկ ահա Քեռի Ֆյոդորի մորը նա նկարել է իր կնոջ` դերասանուհի Լարիսա Մյասնիկովայի նմանությամբ։ Խաչատրյանը պատմել է, որ նա հենց այդպես էլ պատկերացրել է մուլտֆիլմի հերոսուհուն` ցածրահասակ, կարճ սանրվածքով և ակնոցով։ Գեղարվեստական խորհուրդը միայն փոքր փոփոխություն է կատարել. կինը կլոր ակնոց էր կրում, մուլտֆիլմում այն քառակուսի է։

Երազանքի տունը. հայկական մուլտֆիլմի հեղինակները գտել են ամերիկյան սուպերմոդելի «երազը»

Ի դեպ, ակնոցի ձևը փոքր-ինչ փարատել է Լարիսա Մյասնիկովայի անհանգստությունը, որը շատ դժգոհ էր այն բանից, թե իրեն ինչպես էին պատկերել մուլտֆիլմում։ Նա հայտնել էր, որ բոլորովին էլ այդքան քմահաճ և նյարդային չէ կյանքում, ինչպես երևում է էկրանին։ Բայց, համաձայնենք, որ այդ պահանջը ոչ մի կերպ չի կարող ուղղված լինել նկարչին, «մեղավոր» են ռեժիսորը և սցենարիստը։ Իսկ ահա քառակուսի ակնոցը հաշտեցրել է Լարիսային Քեռի Ֆյոդորի մոր կերպարի հետ։ Լարիսայի խոսքով` նա երբեք նման ակնոց չէր դնի, բայց եթե այդպես է, ապա որոշել է, որ ոչ ոք նրան չի նմանեցնի էկրանային կերպարի հետ։

Եթե դիտեք «Պրոստոկվաշինոյի» բոլոր մասերը, կարելի է տեսնել, որ ֆիլմից ֆիլմ գլխավոր հերոսը փոխվում է, գրեթե երեք տարբեր Քեռի Ֆյոդորներ կան, և բանն այն չէ, որ նա մեծանում է, ինչպես կարող է թվալ։ Լևոն Խաչատրյանը նկարել է առաջին, ամենավաղ հերոսին, իսկ հետո կերպարը փոխել են մյուս նկարիչները։

Քեռի Ֆյոդորին փոխելու գործում հատկապես եռանդուն էր Ալեքսանդր Շերը, որը նրան գրեթե անճանաչելի է դարձրել։ Շերը և Խաչատրյանը վիճել են, ստեղծագործական բանավեճերին միացել է ռեժիսորը, և Խաչատրյանը լքել է նախագիծը։ «Ձմեռը Պրոստոկվաշինոյում» նկարվել է արդեն առանց նրա, թեև նրա վրձնից ծնված հերոսներով։

Սահակյանց. հայկական մուլտիպլիկացիան մրցունակ է աշխարհում

Հետագայում Լևոն Խաչատրյանը արդյունավետ աշխատել է մանկական ամսագրերում` «Պիոներում» և «Կոլոբոկում»` չհեռանալով մուլտիպլիկացիայից։ Մրցանակներ է ստացել, այդ թվում` եվրոպական մրցույթներում։

Նոր ժամանակները բերել են նոր տեխնոլոգիաներ, և դարերի հատման կետում Խաչատրյանը սկսել է զբաղվել համակարգչային գրաֆիկայով։ Նա յուրացրել է մի շարք բարդ ծրագրեր և արդեն մտադրվել է ձեռնամուխ լինել ինքնուրույն նախագծերի, բայց 2002թ-ին պատահել է անդառնալին` զգացնել են տվել սրտամկանի կաթվածի հետևանքները, որը նա ստացել էր 20 տարի առաջ։

Նրա ստեղծած կերպարները մնացել են երեխաների նոր սերունդների համար, որոնք դառնում են մեծահասակներ և հաճույքով կրկին դիտում մուլտիպլիկացիոն գլուխգործոցներն արդեն իրենց երեխաների ու թոռների հետ։