Ռուսաստանցիները մայիսյան տոներին Հայաստան չեն գալո՞ւ. ինչ են մտածում տուրօպերատորները

Մայիսի 2-ին Երևանի «Զվարթնոց» տանող ճանապարհի ժամանակավոր արգելափակումը չի խանգարել ռուս զբոսաշրջիկներին ժամանակին մեկնել Երևանից։ Հայաստանում զբոսաշրջային առաջարկների վաճառքը գրեթե դադարել է, բայց ամռան համար նախօրոք պատվիրած տուրերը չեն չեղարկվել։ Այս մասին նշում են ոլորտի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, մայիս-հունիսին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում սպասվում է անկում` երկրի ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված։

«Ենթադրում եմ, որ ապրիլ-հունիսին որոշակի անկում կլինի։ Հետագայում, եթե ամեն ինչ խաղաղ լուծվի, սպասվում է դրական դինամիկա», — ասաց Զեյթունցյանը։

Զեյթունցյանի տեղեկացմամբ` մայիսի 2-ին Հայաստան ժամանած 40 զբոսաշրջիկներ հետ են վերադարձել` հազիվ դուրս գալով օդանավակայանի սահմաններից։ Բանն այն է, որ հենց այդ օրը Երևանում և ամբողջ երկրում տեղի էին ունենում բողոքի աննախադեպ զանգվածային ակցիաներ, որոնց ժամանակ արգելափակվել է տրանսպորտային ողջ ենթակառուցվածքը։

Մայիսյան տոներին Հայաստան եկող ռուսաստանցիների թիվը կնվազի. ի՞նչն է վախեցրել զբոսաշրջիկին

Մյուս կողմից շատ զբոսաշրջիկներ, որոնց իրավիճակը չի վախեցրել, հակառակը, անմիջական մասնակցություն են ունեցել ցույցերին։ Զեյթունցյանի խոսքով` ոմանք բավական ակտիվ են եղել։

Միաժամանակ ռուսական զբոսաշրջային օպերատորները հաղորդել են հայաստանյան տուրերի պահանջարկի անկման մասին։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիան։

Շատ զբոսաշրջիկներ մայիսի 2-ին ստիպված են եղել ոտքով հասնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, քանի որ ցուցարարները փակել էին այնտեղ տանող ճանապարհը։

«Սակայն ռուսական տուրօպերատորների տվյալներով` նույն օրը երեկոյան օդանավակայան տանող ճանապարհները բաց են եղել։ «Դելֆին» և «Մուզենիդիս Թրևել» զբոսաշրջային ընկերությունները հաղորդել են, որ զբոսաշրջիկները խնդիր չեն ունեցել մայիսի 2-ին Երևանից մեկնելու համար», — նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի տվյալներով` բոլոր զբոսաշրջային ծրագրերն անցկացվել են սովորական ռեժիմով և ըստ ծրագրված ժամանակացույցի։

Զբոսաշրջային ընկերություններում նաև նշել են, որ Հայաստանում բողոքի ակցիաները խաղաղ են։

«Առաջիկա հինգ օրերին` մինչև Հայաստանի վարչապետի ընտրությունները, զբոսաշրջիկների համար շրջայցերի ուղեցույցներում երթուղու որոշակի փոփոխություններ կկատարվեն։ Երևանում և այլ քաղաքներում փակվում ու բացվում են որոշ փողոցներ, թեև բոլոր այդ գործողություններն ուղեկցվում են երգ ու պարով և վտանգավոր չեն», — նշված է Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի հաղորդագրությունում։

Որպես հիմնական խնդիր` տուրօպերատորները նշել են տեղաշարժվելու դժվարությունը, քանի որ փողոցները պարբերաբար փակվել են, զբոսավարները ստիպված են եղել կողմնորոշվել ըստ իրավիճակի և փոփոխություններ կատարել ծրագրում` զբոսաշրջիկների լիակատար հանգիստն ապահովելու համար։

«Թավշյա հեղափոխության» հետևանքները, ո՞ր ապրանքների սպառումն է ավելացել, ովքե՞ր են տուժել

Ավելի վաղ տուրօպերատորները տեղեկացրել էին Հայաստանում մայիսյան տոների ընթացքում տուրերը չեղարկելու մասին։

«Որոշ զբոսաշրջիկներ խնդրել են տուրերը հետաձգել։ Զբոսաշրջիկների մեծամասնությունն ամեն դեպքում մեկնել է հանգստանալու։ Ամառային շրջանի տուրերը չեղյալ չեն հայտարարվել», — պատմեց «Դելֆին» ընկերության ներկայացուցիչ Աննա Օվսյանկինան։

Տվյալ պահին տուրերի վաճառքը անկում է ապրել, որոշ տուրօպերատորների տվյալներով` գրեթե հասնելով զրոյական մակարդակի։ Շատ ռուս զբոսաշրջիկներ հետևում են իրադարձությունների զարգացմանը` հետագայում հայաստանյան այցերի հարցը կարգավորելու համար։

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանակավոր արգելափակումը Երևանից մեկնելու խնդիրներ չի առաջացրել ռուս զբոսաշրջիկների համար։

Հայաստանում տուրերի վաճառքը հիմա գրեթե դադարել է, բայց ամռան համար նախօրոք պատվիրված տուրերը չեն չեղարկվում։ Այս մասին տեղեկացնում են շուկայի խաղացողները։