Դաշնակցական մարզպետներն այսօր կազատվեն աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօր կընդունի Արագածոտնի և Շիրակի մարզպետներին պաշտոնից ազատելու մասին որոշում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմումներ ներկայացրած դաշնակցական մարզպետների հարցն այսօր վերջնական լուծում կստանա։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում Աշոտ Սիմոնյանին` Արագածոտնի, և Արթուր Խաչատրյանին` Շիրակի մարզպետի պաշտոններից ազատելու մասին որոշումներ կընդունվեն։ Նրանց աշխատանքից ազատելու նախագծերն ընդգրկված են այսօրվա նիստի օրակարգում։

Ինչո՞ւ ՀՅԴ-ն հեռացավ կոալիցիայից. քաղաքական ապահարզանի մանրամասները

Իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, ապրիլի 26-ին պաշտոններից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել նաև ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաները` նախարարների 3 պաշտոնակատարներն ու 2 մարզպետները։

Հրաժարական ներկայացրած պաշտոնյաներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը։

Նրանք իրենց հրաժարականները հիմնավորել են քաղաքական կոալիցիայի մասնակցության դադարեցման վերաբերյալ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությամբ։ Նախարարների հրաժարականներն արդեն ընդունվել են ՀՀ նախագահի կողմից, իսկ մարզպետների հարցը կորոշվի այսօր։

Հիշեցնենք` նախարարական այդ պորտֆելները ՀՅԴ-ն ստացել էր 2017թ-ին ՀՀԿ-ի հետ ստորագրած կոալիցիոն համաձայնագրի արդյունքում։