Երևանում HSBC բանկի վրա հարձակվածը ոստիկանության գնդապետ է. նոր մանրամասներ

Կոմիտասի փողոցում իրագործված ավազակային հարձակման հեղինակը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած, 2 մարդու վիրավորած ու մեկին սպանած տղամարդը ոստիկանության աշխատակից է։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը` դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: