Հայաստան մտնող բեռնատարները մաքսակետերից հետ են դառնում. միջպետական ճանապարհները փակ են

Հայաստան ապրանք ներկրող բեռնատար ավտոմեքենաները փակ ճանապարհների պատճառով հեռանում են Հայաստանից։ Մաքսային ծառայությունը որոշել է աշխատել 24- ժամյա ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանյան միջպետական ճանապարհների փակ լինելու պատճառով Հայաստան եկող ներկրվող ապրանքներով բարձված մի քանի բեռնատարներ այսօր շրջադարձ են կատարել ու հեռացել երկրից։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ֆինանսների նախարարությունը հավաստիացնում է՝ թոշակներն ու աշխատավարձերը կվճարվեն ժամանակին

ՊԵԿ-ը տեղեկացնում է նաև, որ չնայած ստեղծված ներքաղաքական իրավիճակին, պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ապահովել բիզնեսի անխափան գործունեությունը։

«Սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված»,- հայտնեցին կոմիտեից։

Ընդառաջելով բիզնեսի առաջարկին` ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն աշխատելու է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով, որի դիմաց լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու բիզնեսից: