Ուղևորները ոտքով են գնում «Զվարթնոց», նրանց շարքում է նաև Տիգրան Համասյանը. լուսանկարներ

Երևանից մեկնող զբոսաշրջիկներն ու Հայաստանի բնակիչներն օդանավակայան հասնելու համար ոտքով են հաղթահարում ճանապարհի մի հատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի բնակիչներն ու հյուրերը փակ ճանապարհների պատճառով ստիպված են ոտքով հասնել «Զվարթնոց» օդանավակայան։

Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց շարքում նկատել է աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանին։

«Մեկնում եմ հյուրախաղերի, մի քանի օրից կվերադառնամ», — ժպիտով ասաց Համասյանը։

Մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Ակցիան մեկնարկել է 08։10-ին։

1 / 3
Ուղևորները ոտքով են գնում
2 / 3
Ուղևորները ոտքով են գնում
3 / 3
Տիգրան Համասյան

Մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել խաչմերուկում։ Ոստիկանները սկզբում համոզում էին ցուցարարներին, որ գոնե բաց պահեն ճանապարհի մի հատվածը, բայց նրանց փորձերն ապարդյուն անցան։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։