ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են փակել փողոցները։
«Ավանից եկող բոլոր հնարավոր և անհնար ճանապարհները փակ են։ Անհնար է դուրս գալ այդ շրջանից», — գրում են օգտատերերը Facebook սոցիալական ցանցում։
Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից, Նոր Նորքից քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները նույնպես փակ են։ Հասարակական տրանսպորտը վերադառնում է պարկ, տաքսիները չեն աշխատում։ Իրավիճակը նույնն է Երևանի բոլոր թաղամասերում։
Փակ են Սեբաստիա — Տիչինա խաչմերուկը, Օրբելի փողոցը, Արցախ — Ռոստովյան, Տիգրան Մեծ — Նար Դոս, Կորյուն — Տերյան, Կորյուն — Աբովյան խաչմերուկները, Իսակովի պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Օրբելի — Կիևյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհ հրապարակը, Երևան-Սևան մայրուղին։
Երևանի մետրոն նույնպես ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ցուցարարները նստել են ռելսերի վրա և փակել ճանապարհը։ Sputnik Արմենիայի տվյալներով` երկաթուղին նույնպես չի գործում։
Ներկա պահին փակ է նաև Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։