Փակ ճանապարհի պատճառով հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

Ցուցարարները փակել են ճանապարհը, ավտոմեքենաներից մեկում հղի կին է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանում անցկացվող ցույցերի պատճառով 24 տարեկան հղի կինը հիվանդանոց է հասել միայն այն ժամանակ, երբ դիմել են փրկարարների օգնությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Մայիսի 2-ին, ժամը 10:51-ին Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում, ցուցարարները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենան չի կարողանում ուղևոր հղի կնոջը տեղափոխել Էրեբունի ԲԿ:

Փաշինյանը հորդորում է բացել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը

Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են Էրեբունի ԲԿ:

Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակում են փողոցները։ Նրանք փակում են թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները։ Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։