ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ, որ ԱԺ-ի աշխատանքը տապալվում է պատգամավորների հայտարարած բոյկոտի պատճառով: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
«Պատգամավորները ճանապարհին են, աշխատում են հասնել, որ նիստը կայանա», — լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները զանգահարել ու հայտնել են իրենց ուշացման պատճառը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի` հաջորդ շաբաթ նախատեսվող նոր ընտրությանը և ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուի առաջադրմանը, Բաղդասարյանն ասաց. «Եթե լինի որևէ քննարկում, կասենք»:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստն այսօր 4 ժամով հետաձգվեց քվորում չլինելու պատճառով: Անհրաժեշտ է նվազագույնը 53 պատգամավորի ներկայություն, փոխարենը նիստին այս պահին գրանցվել է 29 պատգամավոր:
Նշենք, որ այսօր Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել. ցուցարարները փակել են հիմնական և շրջանցիկ ճանապարհները։
Փակ են Սեբաստիա — Տիչինա խաչմերուկը, Օրբելի փողոցը, Արցախ — Ռոստովյան, Տիգրան Մեծ — Նար Դոս, Կորյուն — Տերյան, Կորյուն — Աբովյան խաչմերուկները, Իսակովի պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Օրբելի — Կիևյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհ հրապարակը, Երևան-Սևան մայրուղին։
Ներկա պահին փակ է նաև Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։