Սարգսյանը խորհրդակցություններ է սկսում ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ։ ՀՀ նախագահն անհանգստացած է ու մտադիր է ԱԺ քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցություններ սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ–ի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին

«Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին»,- ասված է ՀՀ նախագահի հայտարարության մեջ։

Սարգսյանն արձանագրում է, որ բոլորի ուշադրությունը սևեռված է քաղաքական ուժերի գործողությունների վրա և կոչ է անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, ինչը կնպաստի ազգային շահերին:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքաներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։