ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում իր ելույթի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ամեն ինչ անում են, որ խափանեն իր` վարչապետի պաշտոնում ընտրվելը։
«Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ` հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», — նշեց Վիկտոր Սողոմոնյանը: