Երաշխիքը պայքարող ժողովուրդն է. Փաշինյանը` հարկային տեռորը կանխող երաշխիքների մասին

Ժամանակավոր կառավարություն էլ շատ արագ կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ, կարծում է Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ԱԺ–ում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ պահանջեց, որ նրա ընտրվելու դեպքում Հայաստանում հարկային ու մաքսային տեռորը չի շարունակվի։

«Մեզ խոստումներ պետք չեն, խոստումներ շատ ենք լսել, մեզ երաշխիքներ տվեք, որ Ձեր ընտրվելու դեպքում չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդն արժեք չունի»,–ասաց Պետրոսյանը։

Մենք պիտի համախմբենք մեր ուժերը Ադրբեջանի ագրեսիայի դեմն առնելու համար. Փաշինյան

Մինչև պատասխանելը Փաշինյանը հիշեցրեց, որ այս պրոցեսներում ինքն առաջնային է համարել արդար Հայաստանի կառուցումը։

«Երաշխիքները հընթացս կստեղծվեն։ Պատկերացնում եք` ինչքան կխորանա մարդկանց հուսահատությունը, եթե պարզվի, որ այս փոփոխություններից հետո այդ արատավոր երևույթները շարունակվում են։ Մենք ունենք ամենակարևոր երաշխիքը` դա հրապարակում կանգնած պայքարող, հաղթած ժողովուրդն է, որ այլևս չի հանդուրժի անարդարություն` ով էլ լինի իշխանության գլուխ կանգնած։ Այն իշխանությունը, որ հոտառությունը կորցրեց, տապալված է։ Մնացածը օրենսդրական կարգավորումների խնդիր է»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ 1–ին հերթին վերացնելու են հարկային ու մաքսային դաշտում գոյություն ունեցող դե ֆակտո արգելքները։

Նա հիշեցրեց, որ ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրն է լինելու արդար ընտրությունների կազմակերպումը։ «Իհարկե, ժամանակավոր կառավարություն էլ շատ արագ կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ»,–նշեց վարչապետի թեկնածուն։