Սա Հայաստանն է. ի՞նչ գիտենք մենք թռչող մկների մասին. տեսանյութ

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայան ու Հովհաննես Հակոբյանը պատմում են չղջիկների մասին։
Sputnik

Նրան համարում են գիշերային մղձավանջների խորհրդանիշ ու վհուկների անբաժանելի ուղեկցորդ, հանդերձյալ աշխարհի մունետիկ և իրենց դատաստանին սպասող մեռյալների հոգիներ։ Դարեր շարունակ մարդը նրանց հետ էր կապում սարսափելի ամեն բան։

Չղջիկները թաքնվում են քարանձավներում, լքված շինություններում ու հայտնվում են միայն այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում, և երկրի վրա թագավորում է գիշերը։

Ռետինե կոշիկներ և դոփյուն. ինչպես են Հայաստանում «վախեցնում» իժերին

Հենց այս թաքնված կենսակերպի պատճառով էլ մարդիկ չղջիկներին սկսեցին վերաբերվել, մեղմ ասած, զգուշությամբ, իսկ ավելի հաճախ` վախենալով։ Չղջիկները բորբոքում էին բանաստեղծների ու վիպասանների, նկարիչների, կոմպոզիտորների ու ռեժիսորների երևակայությունը, նրանցից յուրաքանչյուրն իր ցանկությամբ ու ճաշակով աներևակայելի շնորհներ է պարգևում չղջիկներին, նրա այս կամ այն վարքագծի մասին տալիս է իր մեկնաբանությունները և ավելի բորբոքում վախերը։

Ավստրալիայում գոյություն ունի լեգենդ այն մասին, որ նախապատմական ժամանակներում մահը փակված է եղել քարանձավում, իսկ նրա մուտքը գիշեր-ցերեկ հսկում էր չղջիկը։ Ինչպես միշտ` գլխիվայր կախված վիճակում։ Մի օր նրան այդ վիճակում տեսնում է մի կին և առաջ գալիս այդ տարօրինակ կենդանուն մոտիկից զննելու համար, չղջիկն արթնանում և փախչում է, իսկ մահը այդ օրվանից սկսում է թափառել երկրագնդի վրա։

Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ կան չղջիկների տեսակներ, որոնք սնվում են արյունով, բայց միայն կենդանիների։ Նրանք ապրում են Հարավային Ամերիկայում։ ընդամենը 3 տեսակ են, որոնցից Հայաստանում ընդհանրապես չկա։