Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. Փաշինյանը` կառավարության կազմի փոփոխության մասին

ՀՀԿ խմբակցության անդամներին հետաքրքրում է, թե ովքեր են լինելու կառավարության կազմում, եթե վարչապետ ընտրվի Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ձերոնքականներին մերոնքականներով փոխարինելու։ Ապագա կառավարության կազմի մասին հարցին ի պատասխան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ է լավ ապրելու ժողովուրդը

«Կառավարություն կազմելով չի հայտարարվելու կողմերից մեկի հաղթանակն ու մյուսի պարտությունը»,- ասաց նա։

Փաշինյանն ապագա կառավարության անդամների անուններ չնշեց՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունը կառավարության կազմավորում նախատեսում է վարչապետի ընտրությունից ու նշանակումից հետո, ոչ թե հակառակը։

Այդուհանդերձ, նա չբացառեց, որ նոր գործադիր մարմնում կլինեն նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։

«Կառավարությունը կձևավորվի քաղաքական երկխոսության արդյունքում։ Մենք պետք է ընտրենք այն քաղաքական հենարանը, որի հետ պետք է այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարություն ձևավորենք»,- ասաց Փաշինյանը։

Իսկ այդ գործընթացի քաղաքական պատասխանատվությունը, նրա խոսքով, կրում է համաժողովրդական շարժումն ու անձամբ ինքը։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի վաղը` մայիսի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է։