Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան և միացել շարժմանը

Շավարշ Կարապետյանը հուզված էր, այդուհանդերձ հաղթահարելով արցունքները` նա հույս հայտնեց, որ այս ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել «գեղեցիկ Հայաստան»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Աշխարհահռչակ լողորդ, հայտնի ու սիրված հայ լեգենդ Շավարշ Կարապետյանը ժամանել է Երևան և միացել շարժմանը` սատարել հայաստանցի ժողովրդին։ Քիչ առաջ նա նաև ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակի հարթակից` ասելով, որ Ռուսաստանի ամբողջ հայությունը այս օրերին Հայաստանի քաղաքացիների կողքին են ու սատարում են նրանց։

«Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է։ Ապրում է ձեզնով, շնչում է, և հավատացեք սերը սպանել չի լինի… Ռուսաստանի երիտասարդները ինձ որպես դեսպան են ուղարկել, որպեսզի ասեմ` բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին են»,- ասել է լողորդը։

Շավարշ Կարապետյանը հուզված էր, այդուհանդերձ հաղթահարելով արցունքները` նա հույս հայտնեց, որ այս ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել «գեղեցիկ Հայաստան»։

Հայ չեմպիոն Շավարշ Կարապետյանը կօգնի իմունոդեֆիցիտով երեխաներին

«Թող պապանձվի այն մարդու լեզուն, որը կասի, թե այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ձեր սրտում է, ձեր սերն է, ձեր վերաբերմունքը և մեծ հրապարակը, որը լցված է հայ ժողովրդով… Այս ամենը նրա համար էր, որ մենք ավելի սիրենք միմյանց, ապրենք մեկս մյուսի համար և ստեղծենք գեղեցիկ Հայաստան»,- հավելեց լեգենդը։

Ի դեպ, ելույթի ժամանակ նա նշեց, որ Երևան է ժամանել ընտանիքի հետ։

Նշենք, որ Շավարշ Կարապետյանը սուզալողորդ է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին նա փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով սուզվող տրոլեյբուսը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնելու խեղդվող մարդկանց։ Նրա կողքին էր եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։

Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը հետագայում բարդացավ։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության, և նա հրաժեշտ տվեց սպորտին։