Փաշինյանը վարչապետի ընտրությունը համեմատեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի հետ

ԱԺ չորս խմբակցություններից երեքը հայտարարել են, որ պաշտպանելու են Փաշինյանի թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակում այսօր շարունակվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր շարժման հանրահավաքը, որի նախաձեռնողն ու ղեկավարը` ՀՀ վարչապետի միակ առաջադրված թեկնածուն, ասաց, որ վաղը` մայիսի 1-ին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, քանի որ ԱԺ-ում կքննարկվի ՀՀ ապագա վարչապետի ընտրության հարցը։ Նիկոլ Փաշինյանն անգամ վաղվա Երևանում կայանալիք իրադարձությունը համեմատեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի հետ։

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան և միացել շարժմանը

«Հայաստանում և Սփյուռքում իսկապես հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում Հայաստանը դարձնել աշխարհի ամենաքննարկարվող թեմաներից մեկը»,- ասաց ընդդիմադիր շարժման առաջնորդը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այսօր առավոտյան «Ելք» խմբակցության կողմից նա առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու, ընդ որում` նա միակ թեկնածուն է, քանի որ ժամը 18։00-ի դրությամբ, երբ սպառվեց վարչապետի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, պարզվեց, որ որևէ այլ թեկնածու չի առաջադրվել։

«ԱԺ չորս խմբակցություններից երեքը հայտարարել են, որ պաշտպանելու են իմ թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը։ Այնպես որ, շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։