Խելագար արարք Էջմիածնում. տղամարդը ցանկացել է սղոցել մայր տաճարի խաչը. տեսանյութ

Երիտասարդը մտածել է, որ տաճարի գլխին վարդն ավելի ներդաշնակ կլինի, և նա որոշել է կյանքի կոչել իր մտահղացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երեկ` ապրիլի 29-ին, մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գմբեթի խաչը և դրա փոխարեն երկաթյա վարդ դնել։ Տեսանյութում երևում է, թե նրան ինչպես են իջեցնում տաճարի գմբեթից։

Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Սարգիս Վարդանյանը։ Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում։ Շատերը տղամարդու արարքն անվանել են սրբապղծություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել։

«Գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։ Նա փորձել է սղոցել գմբեթի խաչը, բայց չի հաջողվել», — ասաց Մելիքյանը։

Հայտնի է, որ տղամարդը 37 տարեկան է։

Հարուցվել է քրեական գործ, բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել։