Պատգամավորների հեռախոսահամարները համացանցում հրապարակելը կարող է վատ հետևանք ունենալ

Օմբուդսմենը հորդորում է անհապաղ դադարեցնել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում։

ՄԻՊ-ին մտահոգել է Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները:

Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը:

«Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չսանկցավորված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ»,- նշված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՄԻՊ-ի` հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող:

Ծնողներն ահազանգում են. ցույցերին մասնակցող երեխաների իրավունքների հարցը մտահոգել է ՄԻՊ–ին

Սրանք հասարակությունում լարվածության աճին ակնհայտորեն նպաստող գործոններ են: Մտահոգությունն էլ ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին շեշտակիորեն աճել է մարդկանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, իսկ զանգվածային հավաքներն ու երթերը դեռ շարունակվում են:

ՄԻՊ-ը նշում է` մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը:

Այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

ԱՄՆ–ն հետևում է հայերին ու հորդորում Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։