Օտարերկրացիների աչքերով. ինչու է ռուս մարզիկը որոշել Հայաստան վերադառնալ

Ռուսաստանցի Աննա Ուլիբինան Հայաստան է այցելել կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Նա այստեղից հայրենիք է վերադարձել բրոնզե մեդալով, բայց խոստացել է վերադառնալ զբոսաշրջիկի կարգավիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սեր առաջին հայացքից, Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այսպես նկարագրեց ռուս կարատեիստ Աննա Ուլիբինան։

Նա Հայաստան է եկել այս տարվա ապրիլին` կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով։ Մարզիկը ոչ միայն հաջող ելույթ է ունեցել մրցումների ժամանակ և բրոնզե մեդալ նվաճել, այլև բազում դրական հույզեր ու տպավորություններ ստացել մեր երկրից։

«Հայաստանում հինգ օր եմ անցկացրել։ Ցավոք, առանձնապես չհաջողվեց զբոսնել. ժամանակ և հնարավորություն չկար», — ասաց Ուլիբինան։

Ամեն դեպքում նա հասցրել է տեսնել Հանրապետության հրապարակն իր երգող շատրվաններով ու Կասկադը։ Երևանի ճարտարապետությունն անտարբեր չի թողել Աննային։

«Սիրահարվեցի առաջին հայացքից», — խոստովանեց մարզիկը։

Նա խոստացավ Հայաստան վերադառնալ որպես զբոսաշրջիկ, որպեսզի հանգիստ զբոսնի Երևանով, տեսնի արվարձաններն ու այցելի երկրի մյուս քաղաքները։

«Այն համայնապատկերը, որը կարելի է տեսնել Կասկադի վերևից, ապշեցնում է. քաղաքի ու Արարատի հիասքանչ տեսարանը պարզապես ապշեցնում է։ Լեռներ շատ եմ սիրում և երեխայի պես ուրախանում էի դրանց նայելիս», — ասաց մեր զրուցակիցը։

Մարզիկը խոստովանեց, որ շատ կուզեր դիտահարթակում ավելի երկար մնալ, մեկուսանալ ու գիրք կարդալ` մեկ բաժակ թեյ ըմպելով։

Աննան հասցրել է տեսնել նաև Էջմիածնի պատմական վանքերը, լինել Խոր Վիրապում։ Նա հասկացել է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ սեփական աչքերով պետք է տեսնի Հայաստանի տեսարժան վայրերը։

Նա համտեսել է նաև հայկական խոհանոցի ուտեստները։

«Խորոված կերա, ժենգյալով հաց, գաթա, լավաշ, մուրաբաներ… Շատ համեղ էին», — ասաց Աննան։

Օտարերկրացիների աչքերով. Արարատով հիացած մոսկվացիները որոշել են լողալ Սևանում

Կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը չի կարողանում իր ուղևորությունից ամենավառ տպավորությունն առանձնացնել, որովհետև Հայաստանը նրա համար իսկական բացահայտում է դարձել։

Այժմ մեր երկիրը նրա մոտ ասոցացվում է Արարատի, արևի, Սևանա լճի և համեղ խորտիկների հետ։

Մարզիկը տեսածը հավերժացրել է լուսանկարներում ու տեսանյութերում, որպեսզի պահպանի արևոտ Հայաստանի հուշերը։