Ինչի մասին են զրուցել Փաշինյանն ու Կալաշնիկովը փակ դռների հետևում

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ռուս խորհրդարանականի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Sputnik

ՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։

«Հանդիպումը դրական ենք գնահատում, այն կառուցողական մթնոլորտում է անցել, քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Հայաստանում ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր ճանապարհները», — ասաց Ավինյանը։

Փաշինյանն իր հերթին Կալաշնիկովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնական ճանապարհով։

«Իրենք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ հարգանքով են վերաբերվում Հայաստանի ներքին գործերին: Նրանք մեր տեսակետներն էին ուզում լսել մի շարք աշխարհաքաղաքական հարցերի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Մենք հավաստիացրեցինք այն, ինչ ասել էինք հրապարակային, մենք ասել են, որ որպես իշխանություն չենք պատրաստվում այդ կառույցներից դուրս գալու հարց բարձրացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանը հասկանում է՝ ինչ է կատարվում Հայաստանում. Լուկյանով

Կալաշնիկովն իր հերթին ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական դաշտում։

Լեոնիդ Կալաշնիկովից բացի, հանդիպմանը ներկա են եղել պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին և Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Կրոտովը։ Փաշինյանին ուղեկցել են Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը

Ռուս պատգամավորների և սենատորների պատվիրակությունը Երևան է ժամանել ուրբաթ` ապրիլի 27-ին։ Շաբաթ օրը նրանք հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։