Ճգնաժամ Հայաստանում. Զատուլինը խոսել է Բաքվի ակնկալիքների մասին

Ռուս խորհրդարանականը կարծում է, որ դժվար թե Բաքուն Արցախում որևէ գործողությունների գնա, հակառակը` Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի շարունակությունը ձեռնտու է նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ադրբեջանին ձեռնտու է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը լինի տևական, և նա դժվար թե Ացախում ռազմական արկածախնդրության գնա։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը` մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրացման հնարավորությունը։

Զատուլինը նշեց, որ անձամբ իր համար մտահոգիչ էր 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմը։

Ռուսաստանցի պատգամավորները հայ գործընկերների հետ քննարկել են Հայաստանում առկա իրավիճակը

Խորհրդարանականի խոսքով` նա գիտի, որ հենց Ադրբեջանական կողմը, հենց Ալիևն է «ներքին և արտաքին» պատճառներով որոշել հակամարտության գոտում էսկալացիայի դիմել։

Զատուլինն ափսոսում է, որ հայկական դիրքերի վրա ռուսական զենքից են կրակել` հույս հայտնելով, որ հետագայում ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին վերականգնել է երկու երկրների ռազմական հավասարակշռությունը։ Նա ևս մեկ անգամ ընդգծլ է, որ Ռուսաստանը դեմ է Արցախի հակամարտության ռազմական լուծմանը։

«Մեր ներկայությունն այստեղ, Պուտինի ու նախագահ Սարգսյանի հետ անցկացրած հեռախոսազրույցը վկայում են, որ դժվար պահին Ռուսաստանը Հայաստանից չի հեռանում», — ասաց Զատուլինը։

Նրա խոսքով`դա պետք է հայտնի լինի ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում։ Այդ պատճառով նա չի կարծում, թե Ադրբեջանը կփորձի օգտագործել Հայաստանի ներքաղաքական խնդիրները։

«Կարծում եմ` Ադրբեջանը հույս ունի, որ ներքաղաքական խնդիրները շարունակվելու են։ Իսկ եթե փորձի որևէ բան նախաձեռնել, ապա մեծ հավանականությամբ Հայաստանում կհամախմբվեն։ Ինչո՞ւ է դա պետք Ադրբեջանին», — ասաց Զատուլինը։

Նրա կարծիքով` պաշտոնական Բաքուն «լուռ ուրախանում է» Հայաստանի ներքին խնդիրներից։

Ամեն դեպքում սադրանքները Արցախում, հատկապես երբ Հայաստանն այդքան բարդ ժամանակներ է ապրում, անընդունելի է։

Հիշեցնենք` այս օրերին Երևանում են գտնվում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Դաշնային ժողովի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը և այլ խորհրդարանականներ։ Ուրբաթ նրանք հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ` պատրաստակամություն հայտնելով ստեղծված իրավիճակը քննարկել նաև խմբակցությունների ղեկավարների հետ։