ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ ամենակարևոր իրադարձությունը` «երեխայի ծնունդը», արդեն տեղի է ունեցել։
«Այն, ինչ պետք է հետևի դրան` խնամքը, մեծացնելը, դաստիարակությունը, այն գործողություններն են, որոնք պետք է հենց հիմա սկսվեն։ Ոգևորության ամենաուժեղ ալիքն անցել է, սոցիոլոգիական ու հոգեբանական ասպեկտները վկայում են, որ կարճ ժամկետում այդ հզորությամբ նոր երևույթ չի կարող լինել», — ասել է Կիրակոսյանը։
Նա կարծում է, որ խաղը փողոցից քաղաքականություն է տեղափոխվում, դիվիդենտներ ստանալու, քաղաքական հնարքներն օգտագործելու, նաև երկխոսություն վարելու փուլն է սկսվում, թեև այն ժամանակավոր հեատձգվել է։
Ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանը, որն ունի հասարակության զգալի մասի աջակցությունը, քաղաքականության մեջ տեղ է զբաղեցնելու. նա դեռ մինչև այդ իրադարձություններն ուներ այդ տեղը, հիմա չի կարելի բացառել, որ այն ավելի նշանակալի կդառնա։
Մյուս կողմից էլ, Կիրակոսյանի կարծիքով, իշխանություններն էլ են իրենց խաղը տանում, չի կարելի ասել, որ նրանք չեն հսկում իրավիճակը։
«Իրավիճակը չհսկող իշխանությունները սովորաբար արտակարգ դրություն են հայտարարում` այդ իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար։ Քանի դեռ այդպիսի բան չկա, ամեն ինչ զուսպ է ընթանում։ Դա վկայում է այն մասին, որ քաղաքական խաղը հավասարակշռված է», — ասել Կիրակոսյանը։
Նա կարծում է, որ նոր փուլում ուժային գործողությունները երկու կողմից էլ (լինի դա Ազգայի ժողովի շրջափակումը, թե փշալարի կիրառումը) անարդյունավետ կլինեն։
Վրելուծաբանն ասում է` պատմությունը շատ այդպիսի դեպքեր գիտի, երբ երկրի ղեկավար են դառնում հավասար լիազորություններ ունեցող երկու մարդ ու իրավիճակն այդպիսով լուծվում է։
«Ամենաարդյունավետ միջոցը «երկու բանալին» է, առանց դրանցից որևէ մեկի հնարավոր չէ բացել պայմանական դուռը։ Դա փոխզիջումնային որոշման տարբերակներից մեկն է», — կարծում է Կիրակոսյանը։
Փորձագետը մատնանշում է, որ հիմա Փաշինյանի` որպես ժողովրդի վստահելի անձի կերպարի ձևավորման գործընթաց է գնում, և դա նորմալ է, դա բնական գործընթաց է։ Դա հենց նույն ուսապարկն է, մորուքը, կոմուֆլյաժե շապիկը, կապած ձեռքը։ Դրանք այն խորհրդանիշերն են, որոնք աշխատում են մարդու ենթագիտակցության վրա, նրա մոտ հստակ մարդու դրական ընկալում են ձևավորում։
Այդպիսի աշխատանք է տարվել նաև հանրահավաքներին, ցույցերին ու սոցիալական կայքերում հնչած կարգախոսերի ու կոչերի ստեղծման գործում։ Եթե շարժման առաջին օրերին` մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը, կոչերը հստակ էին ու ուղղված էին հենց վարչապետի հեռանալուն, ապա դրանից հետո նոր կարգախոսեր էին հարկավոր, քանի որ մի խնդիրը լուծված էր։ Բայց դրանից հետո առաջին պլան են դուրս գալիս այլ խնդիրներ, որնք ավելի շատ են ու դրանց նպատակներն արդեն ադքան միանշանակ չեն։
Անդրադառնալով Փաշինյանի չկայացած բանակցություններին (սկզբում Սերժ Սարգսյանի, հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ)`Հայկ Կիրակոսյանն ասում է, որ մի շարք հանգամանքներում լռությունը նույնպես պատասխան է։ Ու այն, որ Կարապետյանը հրաժարվեց բանակցություններից, նույնպես պատասխան է` թե ինչ պատասխան, պետք է վերլուծել ու հասկանալ։
Կիրակոսյանը հակված չէ տեղի ունեցող իրադարձությունները դասել «գունավոր հեղափոխությունների» կարգին ու ասում է` ամենակարևորն այն է, որ հեղափոխությունը խաղաղ է, անարյուն, ու դա անկասկած երկու կողմերի շնորհքն է։
Վերլուծաբան ու PR-ի հարցերով մասնագետ Հայկ Կիրակոսյանը, շարունակելով համեմատել համաժողովրդական շարժումը նորածին երեխայի հետ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այդ հիանալի մանուկը ամեն րոպե ուշադրության, խնամքի ու հոգատարության կարիք ունի։ Այդ պայմաններին հետևելու դեպքում բոլոր գործընթացները կարելի է ուղղել դեպի խաղաղ քաղաքական որոշումների դաշտ, և այդ որոշումները կկայացվեն` հիմնվելով բանականության, այլ ոչ թե հույզերի վրա։